ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վայոց ձորի Հորսի Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքները կատարվում են հաստատված նախագծի և մասնագիտական հսկողության ներքո՝ ընդգծելով, որ տեխնիկայի կիրառմամբ հողահեռացումը նույնպես նախատեսված է նախագծով և իրականացվում է հնագիտական վերահսկողությամբ։
«2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մշակվել է Վայոց ձորի մարզի Հորսի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով քննարկվել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և ստացել դրական եզրակացություն:
2026 թվականին հայտարարված մրցույթում հաղթած շինարարական կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, և վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Համաձայն պայմանագրերի՝ վերականգնման աշխատաքների ընթացքում իրականացվում է նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն: Ըստ պալատի ամբողջական վերականգնման նախագծի՝ նախատեսվում է տեղում պահպանել պալատի պատերից մեկը, իսկ մնացած երեք՝ վերաշարված պատերն ապամոնտաժել և վերաշարել պիտանի քարերը՝ մնացածը լրացնելով նոր շարով: Ինչպես և նախատեսված է նախագծով, բոլոր պատերն ապամոնտաժվել են ձեռքով, համարակալվել են պիտանի քարերը՝ վերաշարման համար (լուսանկարները կցվում են):
Վերականգնման և նախագծման փուլին Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության պատվերով նախորդել են երկարատև հնագիտական պեղումներ: Պեղումների ընթացքում պալատի հատակը պեղվել է մինչև հիմնահողը. հետևաբար տարածքում այլ մշակութային շերտ չկա: Եղած թոնիրները կոնսերվացվել են՝ վնասվածքներից խուսափելու համար: Տեխնիկան օգտագործվել է տարածքից հողի հեռացման աշխատանքի համար: Բոլոր հողային աշխատանքները՝ այդ թվում տեխնիկայի կիրառմամբ հողի տեղափոխումն իրականացվել է պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանի և նախագծի հեղինակ, վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի հսկողությամբ:
Նախատեսվում է Հորսի Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին վերականգնել ամբողջությամբ: Աշխատանքների տևողությունը 2-3 տարի է, իսկ վերականգնման աշխատանքների պայմանագրային արժեքը՝ շուրջ 309 մլն ՀՀ դրամ:
2026 թ. համար նախատեսված է իրականացնել շուրջ 83,5 մլն ՀՀ դրամի աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում: