Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի ձեռքում իր ղեկավարած կառույցի՝ 2021 թվականին իրականացված աշխատանքների ամփոփումն է: Համեմատության համար Տիգրան Հակոբյանն իր հետ խորհրդարան էր բերել 2018 թվականի տարեկան հաղորդումը:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - 4,5 էջ, և սա ոչ թե հանձնաժողովի աշխատանքի արտացոլումն էր, այլ հանձնաժողովի հանդեպ նաև Ազգային ժողովի վերաբերմունքը: Բնական է, սա ոչ միայն ձևն է, այլև բովանդակությունը: Եվ Ազգային ժողովը սրանով բավարարվում էր և հավանություն էր տալիս կամ չէր տալիս, ընդհանրապես նաև քննարկումներ չէին լինում:
2021 թվականը հանձնաժողովի համար եղել է գործունեության 20 տարվա ընթացքում ամենածանրաբեռնվածը: Տիգրան Հակոբյանը թվային տվյալներ է ներկայացնում, նշում՝ անցած տարի իրականացրել են լիցենզավորման ամենաշատ մրցույթները:
Տիգրան Հակոբյան - 2021 թվականին մենք վարել ենք ավելի շատ վարչական վարույթներ, քան նախորդ 9 տարիների ընթացքում միասին վերցրած, ունեցել ենք ավելի շատ դատական նիստեր, քան մեր պատմության ամբողջ տարիների ընթացքում միասին վերցրած, մշտադիտարկել ենք ավելի շատ տնտեսավարող սուբյեկտներ՝ հեռարձակողներ, քան հանձնաժողովի գործունեության ամբողջ պատմության ընթացքում:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները, հարցումներն ու մեդիա մասնագետների կարծիքները փաստել են՝ իշխանությունը 2021 թվականի ընթացքում հավատարիմ է մնացել խոսքի և մամուլի ազատությունը երաշխավորելու պարտավորությանը:
Տիգրան Հակոբյան - Առաջին անգամ միջազգային կառույցներն արձանագրել են, որ նաև հանձնաժողովը բավականին ազատ է եղել պետության և կառավարության միջամտություններից: Բերեմ նաև մի համեմատություն՝ 2021 թվականին 2018-ի համեմատ, ըստ համաշխարհային ցուցիչի մամուլի ազատության, 17 կետով բարելավել է իր դիրքերը Հայաստանը՝ զբաղեցնելով 60-րդ տեղը ցուցակում ընդգրկված 180 պետությունների շարքում:
Տիգրան Հակոբյանն անդրադառնում է նաև ոլորտի խնդիրներին: Արձանագրում՝ 44-օրյա պատերազմից հետո որոշ լրատվամիջոցների բովանդակության անբաժանելի մաս են դարձել ապատեղեկատվությունը, ատելության խոսքը, կողմնակալությունը և սպառնալիքները:
Տիգրան Հակոբյան - Այդ լրատվամիջոցների վերափոխումը, որպես որոշ քաղաքական ուժերի և ֆինանսատնտեսական խմբավորումների քարոզչական գործիք` առավել նկատելի էր 2021 թվականի առաջին կիսամյակում՝ արտահերթ ընտրություններից առաջ: Այդ ժամանակահատվածը հայկական հեռարձակող մեդիայի ամենախայտառակ էջերից էր: Ցավալի է, որ մենք բոլորս շատ ժամանակ չենք կարողանում գիտակցել, որ կարծիք արտահայտելու ազատությունը չի կարող բացարձակ լինել և ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անձի արժանապատվության ոտնահարումը, առանձին անձանց կամ խմբերի հանդեպ ատելության տարածումը, անկարգությունների հրահրումը և այլն: Այդ ամենը մենք տեսանք նախընտրական շրջանում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումն ի գիտություն ընդունելուց հետո, խորհրդարանն անցավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների ընտրությանը:
Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու էր առաջադրել 2019 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Սեդա Շահինյանին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար գործադիրն առաջարկել էր Տիգրան Մարկոսյանի, իսկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը:
Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում բոլոր թեկնածուներն ընտրվեցին առաջադրված պաշտոններում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան