Իրանական Fars պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իսլամական Հանրապետության գազային օբյեկտները, այդ թվում՝ Պարսից ծոցի, կրկին ենթարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ պայթյունների շարք է տեղի ունեցել Ասալույե արդյունաբերական շրջանում՝ Իրանի գազային արդյունաբերության կենտրոնում գտնվող նավթավերամշակման գործարանի մոտ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքով՝ տվյալ օբյեկտին բաժին է ընկնում Իսլամական Հանրապետության ընդհանուր նավթաքիմիական արտադրության մոտ 50 տոկոսը։
Իրանական Press TV արտասահմանյան հեռարձակողի հաղորդմամբ՝ Իսրայելը թիրախավորել է նաև Հարավային Պարս գազային հանքավայրի մոտ գտնվող իրանական Damavand և Jam նավթաքիմիական ընկերություններին պատկանող օբյեկտները։ Իրանի և Կատարի կողմից մշակվող այս հանքավայրն աշխարհի ամենամեծ հայտնի գազային հանքավայրն է և ապահովում է Իսլամական Հանրապետության ընդհանուր գազամատակարարման մոտ 70 տոկոսը։
Իսրայելը «Հարավային Պարս» գազային հանքավայրին հարվածներ էր հասցրել նաև մարտի կեսերին:
Reuters գործակալությունն էլ, հղում անելով Իրանի պետական լրատվամիջոցներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այդ օրը հարձակվել են նաև իրանական Ֆարս նահանգի Մարվդաշտ քաղաքի նավթաքիմիական համալիրի վրա: Իրանի պետական լրատվամիջոցները մեջբերում են տեղական իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ հարձակման հետևանքով առաջացած հրդեհը տեղայնացվել է, իսկ զգալի վնասի մասին տվյալներ չկան: