Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կազմակերպած Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին։
«Սնել ապագան, պահպանել մոլորակը» խորագրով ֆորումը միավորել էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, համաշխարհային փորձագետների, զարգացման ոլորտի գործընկերների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ տարածաշրջանի համար դիմակայուն պարենային ապագա ձևավորելու նպատակով։
Ֆորումի բարձրաստիճան մասնակիցների թվում էին Բութանի վարչապետը, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ասիական զարգացման բանկի տնօրենները։
Քառօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ եղել ագրոպարենային համակարգերի վերափոխման հրատապությանը՝ պայմանավորված կլիմայի գլոբալ փոփոխությամբ, ջրային ռեսուրսների աստիճանական նվազմամբ, կենսաբազմազանության կորստով և պարենային անվտանգության խնդրով։
Ֆորումի շրջանակում ելույթով հանդես է եկել նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Նա անդրադարձել է ոլորտում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությանն ու զարգացման ռազմավարական ուղղություններին, մասնավորապես՝ հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։
Ղալամքարյանը ներկայացրել ձեռք բերված խաղաղության և առաջիկա տասնամյակներում այդ խաղաղությունը տարածաշրջանային ջրային համագործակցությանը ծառայեցնելու հնարավորությունը։
OneWater կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի գետային ավազանների և Սևանա լճի խնդիրների ուսումնասիրման և վիզուալիզացման հնարավոր նախագծին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները եւ, համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում իրականացնել նման նախագիծ։
«Պարենային համակարգերի ֆորում 2026»-ին Ջրային կոմիտեի նախագահի մասնակցությունը նոր մակարդակի հասցրեց Ջրային կոմիտե-ԱԶԲ շփումներն ու համագործակցությունը, որի արդյունքները միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում ապահովելու են առանցքային արդյունքներ Հայաստանի ջրային ոլորտի համար։