Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։ Աառաջին հանդիպումը տեղի է ունեցել մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթ խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը և դրանց համակարգային լուծումների հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համակարգված և երկարաժամկետ քաղաքականությունների իրականացումը՝ ուղղված բնակիչների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։
Քննարկումների շրջանակում Անահիտ Մանասյանը բարձրացրել է մի շարք առանցքային հարցեր, այդ թվում` վերաբերելի խմելու ջրի հասանելիությանը և որակին, միջհամայնքային տրանսպորտի խնդիրներին (օրինակ՝ Ֆերիկ և Մեծամոր համայնքների տեսանկյունից), ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող խնդիրներին, այդ թվում՝ եզդիական համայնքում վաղ ամուսնությունների կանխարգելման, կրթության իրավունքի երաշխավորման կարևորությանը, կառավարման համակարգում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության հարցերին և այլն:
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև մարզային բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սակավ լինելու խնդիրը, ինչը պահանջում է շարունակական ուշադրություն։
Պաշտպանը կարևորել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ իրավունքներին առնչվող խնդիրները հասցեավորելու տեսանկյունից․ «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու համար»։
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում արձանագրել խնդիրները և նպաստել դրանց արդյունավետ լուծմանը՝ համագործակցելով բոլոր պատասխանատու մարմինների հետ։