Հանքարդյունաբերությունը Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի համար էկոլոգիական լուրջ ռիսկեր է առաջացրել՝ ահազանգում են ամիսներ շարունակ ուսումնասիրություններ կատարած բնապահպանները: Հիմնական խնդիրը պոչամբարներն ու նրանց թողած հետևանքներն են՝ քիմիական աղտոտվածություն, ջրում ծանր մետաղների առկայություն և այլն: Ինգա Զարաֆյանի խոսքով՝ պաշտոնապես գրանցված 22 պոչամբար կա:
Ինգա Զարաֆյան («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ) - Մենք ունենք մոտավորապես մեկ միլիարդ տոննա պոչեր, որոնք հավաքված են փակված ու չփակված պոչամբարներում: Մոտավորապես, մեր երկրի տարածքի մեկ տոկոսից ավել մենք ունենք աղտոտված տարածքներ, այն էլ՝ այս կերպ աղտոտված: Չես կարող հետ բերել, դա ահավոր դժվար է:
Քաղաքական և անվտանգային խնդիրները հետին պլան են մղել էկոլոգիական հարցերը՝ նկատում են բնապահպանները և հիշեցնում, որ բնության նկատմամբ վատ վերաբերմունքն էլ կարող է մարդկանց կյանքեր խլել ու ազդել առողջության վրա:
Օրինակ՝ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծությունները մարդու կյանքի համար վտանգավոր բաղադրիչներ են հայտնաբերել:
Օլեգ Դուլգարյան (Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ) - Մկնդեղի ու քրոնի բովանակաչափ կուտակումներ կան և՛ հողատարածքներում, և՛ մարդկանց օրգանիզմի մեջ:
Այս խնդիրները, ըստ բնապահպանների, համատարած են: Որոշ դեպքերում նրանք վնասն անդառնալի են համարում: Միևնույն ժամանակ վստահեցնում են, որ մտադիր չեն վնասել երկում հանքարդյունաբերության ոլորտին, պարզապես ուզում են, որ լուծվի աղտոտվածության մասշտաբների խնդիրը:
Զարաֆյանի գնահատմամբ՝ որոշ հանքատերեր չեն կատարում ստանձնած պարտավորությունները, իսկ սահմանված տուգանքները համաչափ չեն վնասներին:
Ինգա Զարաֆյան - Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մեր երկրի օգտակար հանածոների նորմալ շահագործման արդյունահանման ու դուրսբեման համար:
էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն էլ խնդիրն օրենսդրական դաշտում է տեսնում: Որոշ դեպքերում կան կարգավորումներ, բայց պատշաճ չեն կիրառվում, որոշ դեպքերում օրենսդրական բացերն են խանգարում՝ պնդում է նա՝ հավելելով, որ Հայաստանում հանքարդյունաբերության մեկնարկի պահին ռեալ փորձաքննություն չի կատարվում:
Նազելի Վարդանյան («Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան) - Տեղում փորձաքննություն չի արվում, այլ փաստաթղթային փորձաքննություն է արվում, այսինքն՝ ձեռնարկողն ինչ փաստաթղթեր ներկայացնում է նախարարություն, այդ փաստաթղթերի հիման վրա տրվում է եզրակացություն:
Վարդանյանը հիշատակում է Թեղուտի հանքավայրի պոչամբարը՝ շեշտելով, որ բնապահպանները միշտ են զգուշացրել վտանգների մասին:
Նազելի Վարդանյան - Այդ տարածքը սեղանաձև էր, և միլիոնավոր տոնաններ թունավոր նյութեր էին լցվում այնտեղ, որտեղ պատվարը դրված էր, չէր կարող զանգվածը պահել, և արդյունքը եղավ այն, որ ճաք տվեց ու վթարային դարձավ, և միջազգային երկու կազմակերպություն տվել է եզրակացություն, որ վթարային է:
Բնապահպանները վստահեցնում են՝ չորս մարզի գործող հանքերում իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պոչամբարներում համատարած խնդիր կա:
Հեղինակ՝ Անի Օհանյան