Էլեկտրոնային ծառայությունները մեր երկրում կհարկվեն: Նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է: Նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից: ՊԵԿ-ից հայտնում են՝ արդեն համաձայնություն են ստացել «Ֆեյսբուք», «Գուգլ», «Էփլ», «Ամազոն», «Բուքինգ», «Սփոթիֆայ», «Նեթֆլիքս» և այլ ընկերություններից:
Ասանեթ Ալոյան (ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ) - Նախատեսվում է հարկել, օրինակ, IT հեռահաղորդակցության կապերով գովազդները, գրքերը, դիտելու, հարթակներ տրամադրելու, հոսթինգային ծառայությունները: Էլեկտրոնային առևտրին չի վերաբերում, սրանով չի կարգավորվում առևտուրը:
Ըստ նախագծի՝ հարկեր չեն վճարի կրթական օնլայն ծառայությունները: Եվ եթե, օրինակ, «Էփլն» իր հավելվածների արժեքում ներառում է ավելացված արժեքի հարկը, և մեր օնլայն կյանքում բան չի փոխվի, «Ֆեյսբուքի» դեպքում ենթադրվում է, որ ԱԱՀ-ով պայմանավորված ծառայությունները կթանկանան։ Հարկային մարմինը դեռ հստակեցնում է՝ որոնք են էլեկտրոնային ծառայությունները:
Ասանեթ Ալոյան - Քանի որ գործող օրենսգրքով չունենք էլեկտրոնային ծառայությունների սահմանում, դրա համար մի շարք ծառայություններ հիմա հարկվում են 20 տոկոս դրույքաչափով, այնինչ նախագծի ընդունումից հետո մի շարք ծառայություններ դուրս կգան ու կլինեն ավելի լավ պայմաններում:
ԱԱՀ-ի հաշվարկն ու վճարումը մեր երկրում և մեր երկրից դուրս գրանցված կազմակերպությունների համար տարբեր է: Ըստ նախագծի՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը կորոշվի ֆիզիկական անձի բնակության վայրով, էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզանձի բացած հաշվի բանկի գտնվելու վայրով, ցանցային IP հասցեով, հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագրով։ Ընկերությունը կամ անհատը վճարելու է փաստացի ծառայության գինը, իսկ ԱԱՀ-ն կփոխանցվի հարկայինին։ ԱԱՀ-ն հաշվարկելու համար ոչ ռեզիդենտ ընկերությունները կունենան 3 ամիս, ապա ՊԵԿ-ի կայքում կլրացնեն տվյալները:
Լուսինե Այվազյան (ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - Դուք մատուցո՞ւմ եք արդյոք ծառայություններ նշված ցանկից, ֆիզիկական անձանց, և արդյոք դրանք ՀՀ-ո՞ւմ են, եթե իհարկե արդյունքը դրական է, ոչ ռեզիդենտի է. հասցեին ուղարկվում է հաշվառման տվյալները կայքի, վճարման ձև, ՀՎՀՀ-ն ուղարկվում է, նաև գաղտնաբառը և մուտքանունը:
Արդյոք կգրանցվե՞ն ընկերությունները: ՊԵԿ-ից ասում են՝ քանի դեռ վերահսկման բոլոր գործիքները չկան, սա դեռ կմնա յուրաքանչյուր ընկերության ազնվությանը: