Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Եվրաատլանտյան վարչության գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոյի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական, անվտանգային, բարձր տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փոխգործակցությանը:
Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու այս շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացումը:
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում իրավիճակը՝ անդրադառնալով խաղաղության ինստիտուցիոնալացման և փոխկապակցվածության զարգացման հարցերին: