Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվել է «Մեդիա գրագիտությունից մինչև կոգնիտիվ անվտանգություն․ արդյո՞ք ժողովրդավարությունը բավականաչափ հարմարվողական է ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար» խորագրով պանելային քննարկում:
Քննարկումը վարել է Ֆրանսիայի «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի» գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեն (Ֆրանսիա): Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, «CyberHUB-Armenia»-ի թվային սպառնալիքների վերլուծաբան Արթուր Պապյանը (Հայաստան), «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (IFPIM) քաղաքականության և էկոհամակարգերի զարգացման գծով տնօրեն Պիերիկ Ժյուդոն (Ֆրանսիա) և «International IDEA»-ի Եվրոպայի հարցերով տնօրեն Սամուել Վան դեր Ստաակը (Բելգիա):
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ժամանակակից տեղեկատվական միջավայրի փոխակերպմանը, ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների դրսևորումներին՝ միտված ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրության շրջանում վստահության թուլացմանը:
Մասնակիցներն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես են արհեստական բանականությունը, թվային հարթակները և տվյալների վրա հիմնված տեխնոլոգիաները վերափոխում տեղեկատվության հետ փոխգործակցությունը և ազդում հանրային դիսկուրսի վրա:
Քննարկման ընթացքում ընդգծվել է անկախ ԶԼՄ-ների խթանման, ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման և այդ ուղղությամբ համախոհ գործընկերությունների հետևողական զարգացման կարևորությունը:
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է այս հարցերում որդեգրված մոտեցումները, հասարակական կազմակերրպությունների և միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը: