Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ինտերնետի ազատությունը 2021» զեկույցը, որում ուսումնասիրվել է 70 երկրի տվյալ։ Յուրաքանչյուր երկիր ստացել է 0-100 միավոր՝ «անազատից» մինչև «ազատ» ձևակերպումներով:
Ըստ այդ միավորների՝ 18 երկիր ունի ինտերնետի ազատություն, 21 երկիր չունի, իսկ 31-ում ազատությունը մասնակի է: Հայաստանը այս տարի ևս ինտերնետ ազատություն ունեցող երկրների ցանկում է՝ 71 միավորով:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Ինտերնետի տեսանկյունից մենք միշտ եղել ենք ազատ՝ բացի մի տարվանից. 2016 թ. դեպքերը հաշվի առնելով՝ Հայաստանը դասվել է կիսաազատների մեջ, բայց հետո վերադարձել է ազատների մեջ:
«Ինտերնետի ազատությունը» զեկույցը Freedom House-ի աշխատակիցների և ավելի քան 80 հետազոտողի համատեղ աշխատանքն է։ Հայաստանից որպես անկախ փորձագետ աշխատել է Սամվել Մարտիրոսյանը: Նշում է՝ լավագույն արդյունքը ունեցել ենք 2019-ին՝ 76 միավոր, այս տարի միավորը սահմանային է:
Սամվել Մարտիրոսյան - Ընդհանուր ինտերնետ հասանելիության տեսանկյունից մեզ մոտ շատ փոփոխություններ չեն լինում, դեպի դրական է գնում, կապը էժանանում է: Էստեղ 26-ից 19 ունենք, բովանդակային առումով անկում կա՝ 35-ից 26 բալ ունենք, օգտատերերի իրավունքի խախտումներ տեսանկյունից՝ 40-ից 26:
Նախորդ տարվա դիրքերից էլ հետընթաց կա: Պատճառը վերջին տարվա պատերազմն էր ու մարտերը նաև տեղեկատվական դաշտում:
Սամվել Մարտիրոսյան - Նույնիսկ եթե դրսից է բացասական ազդեցությունը, դա նույնպես դիտարկվում է որպես անազատ մի բան: Եթե քո լրատվականները հասանելի չեն, կարևոր չէ, թե քո երկիրն է մեղավոր թե հարևան երկիրն է հարձակումներ արել: Մեր ռեյտինգների վրա ազդել են ադրբեջանական հաքերային հարձակումները, որոնք բերել են տվյալների արտահոսքերի:
Կրկին պատերազմական ժամանակահատվածն է նպաստել նաև մի քանի սահմանափակումների կիրառման արդեն երկրի ներսում, որոնք ևս ազդել են արդյունքների վրա:
Սամվել Մարտիրոսյան - Դա ինտերնետի արգելափակումներն էին պատերազմի ընթացքում, արտակարգ դրության հետ կապված՝ քովիդի ժամանակ մամուլի ու օգտատերերի գրառումներն էին, երբ ոստիկանությունը պարտադրում էր հեռացնել դրանք, դա նաև այն դեպքերն են, երբ սոցիալական ցանցերում ձերբակալվել են անանուն գրառումներ անողները կամ կասկածվողները:
Համացանցի համաշխարհային ազատությունն ընդհանրապես արդեն 11-րդ տարին անընդմեջ նվազում է։ Ամենամեծ վատթարացումները գրանցվել են Մյանմարում, Բելառուսում և Ուգանդայում, որտեղ, ըստ զեկույցի, պետական ապարատը սահմանափակել է համացանցի հասանելիությունը՝ ընտրական և սահմանադրական ճգնաժամերի ֆոնին: Անցած տարվա ընթացքում բովանդակության, տվյալների և մրցակցության վերաբերյալ նոր կանոններ կիրառել են աշխարհի առնվազն 48 երկրի իշխանություններ: Իսկ համացանցային ազատության առումով լավագույն երկրներն են Իսլանդիան, Էստոնիան, Կանադան, Կոստա Ռիկան: Մեր տարածաշրջանում՝ Հայաստանն ու Վրաստանը:
Սամվել Մարտիրոսյան - Եթե հանենք ռազմական դրության ժամանակահատվածը, մեզ մոտ արգելափակումներ չկան, ինտերնետն ազատ է, 2020-ին վերջնականորեն ծածկույթ ունեցանք, այսինքն՝ բոլոր բնագավառներն ունեն գոնե մեկ բջջային օպերատոր և կապ:
Հավաքելով 35 պայմանական միավոր՝ Ադրբեջանը ներառվել է անազատ համացանց ունեցող երկրների ցանկում։ Նույն իրավիճակն է նաև Թուրքիայում՝ 34, Ռուսաստանում՝ 31, և Իրանում 16 միավոր: