Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումները մեկնարկեցին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց տեղադրված խաչքարի առջև ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների կողմից ծաղիկների խոնարհումով։
Այնուհետ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է Ստրասբուրգի հրապարակի Նահատակների հուշարձանի մոտ անցկացված հիշատակի միջոցառմանը, որին ներկա են եղել Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Ստորին Հռենոսի նահանգապետի տեղակալը, հայկական կառույցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ստրասբուրգի սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Կոմիտաս վարդապետի մատուցած աղոթքից հետո ելույթներով հանդես են եկել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Ստորին Հռենոսի նահանգապետի տեղակալը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել 111 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին՝ ընդգծելով արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտության հրամայականը՝ հիշեցնելով 2015 թ․ Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու փաստը։ Դեսպանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը անմեղ զոհերի հիշատակի օր սահմանելու համար։
Հիշատակի միջոցառումները շարունակվել են Քեհլ քաղաքի եկեղեցում, որին ներկա են եղել Քեհլի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում հավելել է, որ, չնայած ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքներին, աշխարհը դեռևս բախվում է ատելության, անհանդուրժողականության և մարդկության դեմ հանցագործությունների հետ, ինչի դեմ պայքարը պահանջում է համընդհանուր պատասխանատվության ստանձնում և միջազգային համագործակցություն։
Ելույթներում ևս մեկ անգամ երախտիքի խոսք է հղվել այն երկրներին, որոնք ապաստան են տրամադրել 1915թ․ ոճրագործությունը վերապրածներին, ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։