ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ա․ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նախարարի տեղակալը շրջել է քննասենյակում, հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին։ Կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլի կազմակերպման նպատակով ձևավորվել է 13 քննական կենտրոն՝ 2-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում։
Ապրիլի 25-ին անցկացված լրացուցիչ փուլին հնարավորություն են ունեցել մասնակցելու նախորդ երկու տարիներին կամավոր ատեստավորման գործընթացին երկու անգամ մասնակցելու արդյունքում նվազագույն դրական միավորներ չարձանագրած մոտ 200 մանկավարժներ, որոնք, համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, վերաատեստավորման արդյունքում չեն ապահովել սահմանված նվազագույն ցուցանիշները։

Լրացուցիչ փուլը ուսուցիչների մասնագիտական ներուժի զարգացումն ու իրացումը, ինչպես նաև համակարգում փորձառու մասնագետների ներգրավվածության շարունակականությունն ապահովելու հավելյալ հնարավարություն է։
Նշենք, որ առաջիկայում կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի հայտերի ընդունումը, որին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները, ինչպես նաև բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, սակայն տվյալ պահին ուսուցիչ չաշխատող անձինք, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կարող են համալրել ուսուցչի թափուր տեղը։