Գաբալա քաղաքում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ հնարավոր փուլն անցկացնել Ադրբեջանում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ կարևոր բանակցություններ են վարել, քննարկել հակաօդային պաշտպանության, էներգետիկայի, տնտեսության, հումանիտար ոլորտներում երկկողմ գործակցության հեռանկարը:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում աջակցության համար, հատկապես՝ էներգետիկ ոլորտում:
Ալիևն էլ բարձր է գնահատել Բաքու-Կիև հարաբերությունները:
«Մեր համագործակցությունն ունի շատ ամուր քաղաքական հիմք: Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձաբար աջակցում են և կշարունակեն աջակցել իրենց երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգային բոլոր կազմակերպություններում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հավելել է, որ SOCAR ընկերությունն էլ երկար տարիներ հաջողությամբ գործում է Ուկրաինայում, առկա է էներգետիկ համատեղ նախագծերի լուրջ հեռանկար: Նա հայտնել է, որ Զելենսկու հետ քննարկել են նաև ռազմատեխնիկական գործակցության, համատեղ արտադրության հետ կապված հարցեր:
Հանդիպման շրջանակում կողմերը վեց համաձայնագիր են ստորագրել, որոնք ուղղված են երկու երկրի անվտանգության ամրապնդմանը և առևտրաշրջանառության խթանմանը։