Տավուշի սահմանամերձ Այգեպար համայնքն է: 2020-ի հուլիսյան պատերազմի ընթացքում հրետակոծությունների կենտրոնում հայտնված համայնքում վերջին 6 ամսում շինարարական եռուզեռ էր, ամեն ինչ վերականգնվեց:
Այժմ համայնքում զբաղվածության խնդիրն է լուծվում: Գյուղատնտեսական նշանակության հող այստեղ չկա, այլընտրանքային ուղղությամբ են աշխատում: Համայնքում հիմնվել է գյուղատնտեսական բազմապրոֆիլ կենտրոն, որն իր մեջ կներառի ճագարաբուծարան, կերի արտադրամաս, սպանդանոց, օրգանական պարարտանյութի արտադրություն:
Կենտրոնում նախ սովորեցնում են, թե ինչպես խնամել կալիֆոռնիական ցեղատեսակի ճագարներ, ապա նոր առաջարկում ձեռք բերել, իսկ վերջին փուլն արդեն մսի մթերումն է:
Դավիթ Դավթյան, ճագարաբուծարանի գլխավոր մասնագետ - Կատարելու ենք ուսուցում, արտադրական շղթայի իրականացում: Մենք ստանում ենք տիպային ցուցադրություն, սպանդանոցի նորմալ պայմաններ ու, աենակարևորը, նորմալ միջավայր և միկրոկլիմա՝ կենդանիների համար:
Այգեպարի գյուղատնտեսական կենտրոնում փորձում են ապահովել էկոարտադրություն՝ առանց թափոնի: Ճագարների գոմաղբից ստանում են կենսաբանական պարարտանյութ՝ բարձրարժեք բիոհումուս:
Դավիթ Դավթյան - Այն կիրառելով՝ կրկնակի ու եռակի ավել բերք ենք ստանում: Արդեն փորձարկել ենք ջերմոցային տնտեսություններում: Մենք այս ամենն անվճար տրամադրելու ենք և սովորեցնելու ենք՝ ինչպես ստանալ և կիրառել:
Սահմանամերձ գյուղում ծրագիրը ֆինանսավորել, իրականացրել է «Փարոս» հիմնադրամը: Նախագծից ստացված շահույթն էլ ամբողջությամբ կծառայի Տավուշի մարզի համայնքների զարգացմանը:
Արմեն Սիմոնյան, «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչ - Մեկ տարի է արդեն Այգեպարում սկսել ենք մեր գործունեությունը: Շենքի վերանորոգումից հետո հիմնվեց ճագարաբուծարանը, արդեն մոտ երեք ամիս է սկսել գործել այդ ֆերման, դրանից հետո բիոհումուսի գործարանը մեզ մոտ հիմնվեց ու սկսել է աշխատել: Հիմա մյուս գործն ենք նախատեսում՝ կերերի արտադրությունը, արդեն բանակցությունների մեջ ենք սարքավորումներ ձեռք բերելու համար, և մոտակա շրջանում կունենանք նաև այդ գործարանը:
Համայնքում նաև չրի արտադրություն և սառնարանային տնտեսություն են ուզում հիմնել՝ լուծելով նաև մոտ 20 այգեպարցու զբաղվածության հարցը: