Ադրբեջանում ջրային պաշարների պակասի ֆոնին ավելացել են պաշտոնական Բաքվի պահանջները՝ հասանելիություն ունենալ Քարվաճառի և Մարտակերտի աղբյուրներին: Արցախն առաջարկում է բանակցել հատկապես Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցով, բայց ադրբեջանական կողմի պահանջը մեկն է՝ ստանալ ամբողջը: Ադրբեջանից սպասվող հնարավոր վտանգների մասին «Լուրեր»-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ:
«Երբ մենք խոսում ենք ջրային հիմնախնդրի մասին, պետք է հասկանանք, որ Ադրբեջանի ջրային պաշարների 90 տոկոսը սկիզբ է առնում այլ երկրներում: Արաքս գետի հոսքի մի պատկառելի մասը Թուրքիան վերցնում է, հետևաբար քիչ ջուր է հասնում Ադրբեջան: Թուրքերը ծրագրեր ունեն նաև Կուր գետի ջրային ռեսուրսների առումով, և հատկապես Կուրի ռեսուրսները այնքան կպակասեն, որ Թբիլիսին ևս կարող է կանգնել խնդիրների առաջ»,-նշել է Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի Սարսանգի ջրամբարին տիրանալն Ադրբեջանի ամենակարևոր ռազմաքաղաքական նպատակներից մեկն է:
«Ոչ միայն Սարսանգի, ամբողջ Մարտակերտի նկատմամբ նրանք հավակնություններ ունեն: Դեռևս 1918-ից Ադրբեջանը ձգտում է իր հսկողության տակ պահել Արցախի ջրային ռեսուրսների ակունքները՝ Քարվաճառը և Մարտակերտը: Դրանք Արցախի ջրային պահանջի 80 տոկոսն են ապահովում, Քարվաճառում են նաև Արփա և Որորտան գետերի ակունքները՝ հասնելով մինչև Սևան: Պատկերացնում ե՞ք, ինչ կլինի, եթե դրանք հայտնվեն ադրբեջանցիների տիրապետության տակ: Նրանք կթունավորեն Սևանա լիճը: Ադրբեջանը առնվազն 1969-1989թթ թունավորում էր Արցախի մայրաքաղաքի և մի շարք բնակավայրերի խմելու ջուրը: Դա էր պատճառը, որ Արցախում քաղցկեղով հիվանդների թիվը գնալով աճում էր: Բոլոր ֆիլտր կայանների աշխատակիցները մինչև 1989-ը ապրել են Արցախից հեռու, նրանք չեն օգտվել այդ ջրից»,- նշել է Բաբայանը:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան