Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
2025 թվականի փետրվարին գործարկվել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանցը: Ստորագրվել է համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը մեր երկրին տրամադրում է շուրջ 1,7 մլն ԱՄՆ դոլար: Այն կուղղվի Շրջակա միջավայրի նախարարության «Հայ հիդրոմետ կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող օդի որակի մոնիտորինգի կայանների արդիականացմանը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: 24/7 ռեժիմով գործում է փաստացի ջրօգտագործման առցանց հաշվառման հարթակը: Նախարարի խոսքով ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման էլեկտրոնային շտեմարան, գործարկվել է մթնոլորտ արտանետումների և վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի հաշվետվողական ծառայությունների թվային համակարգը: Նախորդ տարի շուրջ 846 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա է տրամադրվել 12 ազդակիր համայնքների: Իրականացվել են 759 հա անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ, որը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 422-ով: Զեկուցողի տեղեկացմամբ հաշվետու ժամանակահատվածում գործարկվել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը: Նշվել է, որ էկոպարեկային ծառայության կողմից արձանագրված բնապահպանական իրավախախտումների թիվն աճել է շուրջ 21 տոկոսով:
Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը դարձել է բնության պահպանության միջազգային միության անդամ: Միջազգային բնապահպանական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել է 39 ծրագիր`132 մլն ԱՄՆ դոլար բյուջեով:
Նախարարը նաև բարձրաձայնել է 2025 թվականին իրականացված այլ աշխատանքները:
«2025 թվականին համայնքներում իրականացվել են 61 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որոնցից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է 33,6 մլրդ դրամ»,- ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նրա խոսքով 2025 թվականին պետբյուջեի ֆինանսավորմամբ և համաֆինանսավորմամբ ՀՀ տարբեր մարզերի տարբեր համայնքներում իրականացվել է շուրջ 770 կմ ճանապարհի կառուցում:
Նշվել է, որ 36 համայնքներում 452 կմ ջրագիծ է կառուցվել: Շուրջ 25 համայնքներում 5200 սանի համար կառուցվել է 14 մանկապարտեզ, հիմնանորոգվել է 16-ը, վերանորոգվել՝ 17-ը, բարեկարգվել՝ 15-ը:
Նախորդ տարի 10 մարզերում իրականացվել են 2 մլրդ 646 մլն դրամի աշխատանքներ:
Նախարարը նաև խոսել է կոշտ թափոնների կառավարման և աղբահանության գործընթացում իրականացվող միջոցառումների մասին: Անդրադառնալով ջրային տնտեսության ոլորտին՝ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում խմելու ջրի կորուստները կազմել են 59,1 տոկոս՝ 2024 թվականի 61 տոկոսի համեմատ: Նշվել է, որ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 81,1 տոկոս: Նախորդ տարի կազմակերպվել են խմելու ջրի մատակարարման 13 ծրագրի շինարարական աշխատանքներ:
Հաշվետու շրջանում կատարվել են նաև այլ աշխատանքներ:
Ոլորտային ցուցանիշներ է ներկայացրել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 1 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.6 տոկոսով, որից բուսաբուծության մասը կազմել է մոտ 540 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 9.7 տոկոսով, անասնաբուծությանը՝ 517.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 1.8 տոկոսով: 2025 թվականի տարեվերջի դրությամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 380 մլրդ դրամ, որը 2024 թվականի համեմատ աճել է 10.4 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 2.3 անգամ: Գևորգ Պապոյանի խոսքով սա նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալը շարունակաբար ավելանում է:
2025 թվականին հիմնվել է 13.645 հեկտար ինտենսիվ այգի, որը երբևէ եղած լավագույն ցուցանիշն է Հայաստանի պատմության մեջ: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում փաստացի այգի հիմնումը մեկնարկել է 2019 թվականին՝ ընդամենը 37 հեկտար, իսկ 2025 թվականին դրա նկատմամբ ցուցանիշն աճել է 37 անգամ: 2025 թվականին 2024 թվականի համեմատ մոտ 10 տոկոսով այգիներ հիմնելու գործընթացում աճ է արձանագրվել: Ծրագրի մեկնարկից՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հիմնվել է 4635 հեկտար ինտենսիվ այգի: 2021-2025 թվականներին փաստացի հիմնվել է 4516 հեկտար ինտենսիվ այգի, իսկ շուրջ 7000 հեկտար հողատարածքում ներդրվել է ոռոգման արդիական համակարգ: Նախարարի գնահատմամբ իրենց քաղաքական ուժի նախընտրական խոստումը և Կառավարության ծրագիրն այս մասով գերակատարված է:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում 1219 միավոր գյուղտեխնիկա է ձեռք բերվել: Լիզինգի գործարքների հանրագումարը կազմել է 5 մլրդ դրամ, իսկ սուբսիդավորման գումարը՝ մոտ մեկ մլրդ դրամ: 2025 թվականին ձեռք բերված տեխնիկայի քանակը 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 5.5 անգամ: Ծրագրի մեկնարկից սկսած՝ 5290 միավոր տեխնիկա է ձեռք բերվել:
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 422 միավոր սարքավորում:
Ջերմատնային տնտեսությունների զարգացման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կառուցվել է 25.8 հեկտար ընդհանուր մակերեսով արդիական տեխնոլոգիաներով զարգացած ջերմատնային տնտեսություն: Մեկնարկել է եւս 65 հեկտար ջերմատնային տնտեսության կառուցման գործընթացը:
Սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին աջակցություն նախատեսող ծրագրի շրջանակում շուրջ 67 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվել:
Բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակում էլ 5202 շահառուների կողմից իրականացվել են 24.006 հեկտար գարնանացան, հացահատիկային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի ցանքեր: Կառավարության կողմից փոխհատուցված գումարը 1.8 մլրդ դրամ է կազմել:
Նախարարը մանրամասնել է նաև մի շարք այլ ծրագրերի շրջանակում իրականացված միջոցառումներն ու ցուցանիշները: