Ցավում եմ, որ շատերը՝ առանց սպասելու մեր արձագանքին և մեր պատմություններին, շտապել էին հաստատել իրենց սոցիալական մեդիաներում, որ մենք գերիների վերադարձի հարցը չենք բարձրացրել, և մեզ քննադատում էին դրա համար: Ցավում եմ, բայց շատ շտապել են, որովհետև ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առաջ ենք բարձրացրել հարցը: Ավելին ասեմ՝ ո՛չ հայկական կողմից, ո՛չ ադրբեջանական կողմից ոչ մի սահմանափակում չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք: Այդ մասին ասաց նա՝ հիշեցնելով, որ միջազգային ատյաններում հարցը պարբերաբար բարձրացվում է: Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Կարմիր խաչի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ևս այս թեմայով նամակներ են եղել:
«Ուղիղ այս թեմայով խոսելն ադրբեջանական կողմի հետ մեզ համար նոր վիճակ էր՝ հատկապես պարոն Հաջիևի առջև նստած: Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն: Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել՝ թվի, մարդկանց, անունների և այլն,- ասաց Նաիրա Սուլթանյանը, ապա հավելեց.- Մենք փորձեցինք սա տեղավորել խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ հասկանալի լինի, որ եկեք այս հարցը լուծենք, շարժվենք առաջ»:
Հայաստանյան պատվիրակությունը ստացել է պատասխան, որ այս քայլերի հետևում կա ակտիվ բանակցային գործընթաց:
Հարցին՝ եղե՞լ է հայ գերիներին տեսակցելու հարց, հայաստանյան պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ Բորիս Նավասարդյանը պարզաբանեց՝ գերիների տեսակցությունն առաջնահերթություն չի եղել:
«Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց թե երբ, ոնց և ինչպիսի լուծում կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ: Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, չէի ուզենա դրանց մասին խոսել:
Բայց պետք է նաև մենք հասկանանք մի բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպիսի էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում, թե իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը ադրբեջանական հասարակության համար ցավ է, և եթե դա օբյեկտիվ պատկերացում չէ, դա ազդեցություն է թողնում գործընթացի վրա: Այդ ուղղությամբ պետք է աշխատել: Կարևոր է նաև լրատվամիջոցների համարժեք, ադեկվատ աշխատանքը, դրա համար անհրաժեշտ է փաստերի ստուգման գործընթաց, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ փաստերը կարող են վերաբերել նաև հակամարտության շրջանակում այդ գերիների դերին, քանի որ այստեղ բազմաթիվ առասպելներ կան:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ավելի շատ քաղաքական պրոցես է, քան իրավական: Եթե մենք կարողանանք փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ, քաղհասարակության աշխատանքի շնորհիվ դա հնարավորինս բերել իրավական դաշտ և ազատել քաղաքական էմոցիոնալ վերաբերմունքից, այդքան խնդրի լուծումն ավելի դյուրին և իրատեսական կլինի»,- ասաց Նավասարդյանը:
Հայաստանյան պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ Արեգ Քոչինյանն իր հերթին հայտարարեց. «Անկեղծորեն կարծում եմ, որ մեր այցը քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ:
Այո, մենք այս պահի դրությամբ ձեզ ներկայացնելու արդյունքներ չունենք, բայց իմ խորին համոզմամբ՝ մեր այցը քայլ առաջ է եղել այդ պրոցեսի մեջ և այդ պրոցեսի բարեհաջող ավարտի ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում օրերս՝ նոյեմբերի 21-22-ին, Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։