Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Ռեջեփ Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Թուրքիան ուշադիր հետևում է Երևան-Բաքու խաղաղության բանակցություններին: Հուսով ենք՝ շուտով պայմանագիր կկնքվի»,- ընդգծել է նա։ Էրդողանի խոսքով՝ դա կփոխի տարածաշրջանում մթնոլորտը, և հաշտեցումից հետո պատմական նոր հնարավորություններ կբացվեն։
Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է Ադրբեջանում և Ռուսաստանում երկու երկրի քաղաքացիների ձերբակալությունների ֆոնին Մոսկվա-Բաքու լարվածությունը: Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ քննարկել է այդ հարցը Ալիևի հետ: «Ուշադիր հետևում ենք ստեղծված իրավիճակին և կողմերին զսպվածության կոչ անում: Կարծում ենք՝ խնդիրը կլուծվի խելամիտ ձևով: Չենք ցանկանում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդառնալի վնաս հասցվի՝ այդ թվում՝ հանուն տարածաշրջանում կայունության»,- նշել է նա։ Էրդողանը վստահեցրել է, որ Իլհամ Ալիևն այդ հարցում էսկալացիայի կողմնակից չէ: