ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է նորացված բանաձև՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքներում, այդ թվում՝ Ղրիմում և Սևաստոպոլում, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Укринформ -ի տվյալներով՝ ՄԱԿ-ի 79 անդամ պետություն կողմ է քվեարկել բանաձևին, 16-ը՝ դեմ, իսկ 73-ը՝ ձեռնպահ։ Բանաձևի հակառակորդների թվում են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիկարագուան և մի քանի աֆրիկյան երկրներ։
Բանաձևը դատապարտել է պատերազմը Ուկրաինայում, վերահաստատել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և մերժել ուկրաինական տարածքների կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ։ Գլխավոր ասամբլեան պահանջել է, որ «Ռուսաստանն անհապաղ դադարեցնի իր ագրեսիան և դուրս բերի զորքերը Ուկրաինայի տարածքից»։
Փաստաթուղթը կոչ է արել ուժեղացնել միջազգային մոնիթորինգը «Ռուսաստանի իշխանությունների համակարգային խախտումների նկատմամբ»։ Դրանում, ի թիվս այլ բաների, լուրջ մտահոգություն է հայտնվում ուկրաինական տարածքների ռազմականացման, ՌԴ զինված ուժերում նրանց բնակիչների մոբիլիզացիայի, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ, մասնավորապես՝ Ղրիմում: