Ուկրաինայի անվտանգության ծառայության անօդաչու թռչող սարքերը Միջերկրական ծովի չեզոք ջրերում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին, որը նավարկում էր Օմանի դրոշի ներքո և օգտագործվում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։ Այդ մասին հաղորդել են «Ուկրաինսկա պրավդան» և «ՌԲԿ-Ուկրաինան» ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել ուկրաինական դրոնների այդ հարվածը: Ավելի վաղ Ուկրաինան Սև ծովում հարվածներ էր հասցրել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» երեք լցանավի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է «Ուկրաինան կտրել ծովից» և թույլ է տվել հարձակումներ իրականացնել Կիևի արևմտյան դաշնակիցների նավերի վրա: Դեկտեմբերի 19-ին հարցուպատասխանի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ռուսական լցանավերին ուկրաինական հարվածները չեն խաթարում ՌԴ-ից էներգակիրների մատակարարման համակարգը: