Խորհրդարանում շարունակվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրված Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկումը:
Ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, որը դիմելով ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես «Ուժեղ Հայաստանից», ասաց՝ հիմա կարող է մի անուն-ազգանուն տալ, և նրանք իրար խառնվեն:
«Հիմա կարա՞ք չմտածեք այդ անուն-ազգանունի մասին: Այն անուն-ազգանունի մասին, որը չեք ուզում լսեք: Չեք կարա չմտածեք, որովհետև հոգեբանության մեջ շատ հայտնի բան կա, որ ասում է՝ կարաս հենց հիմա չպատկերացնես սպիտակ արջ:
Հնարավոր չի՝ մարդը հենց էդ պահին չպատկերացնի սպիտակ արջ: Հիմա կարա՞ք չպատկերացնեք այն անուն-ազգանունը, որից դուք էդքան խառնվում եք: Բոլոր վերնագրերը դրա մասին են: Լրագրողները մի բոլ նյութ ստացան՝ այսօր օթյակից նկարելով ձեր պահվածքը:
Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր, ընդ որում՝ այս պատմությունը նոր բան չէ: Վստահ եմ, շատերը գիտեն դրա մասին»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում բանավեճ էր ծագել Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ:
Ավելի վաղ Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել էր ընդդիմադիրներին այդ կերպ չընդհատել ելույթ ունեցողներին, հակառակ դեպքում նույնատիպ արձագանք կստանան: