Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ ասուլիսի ընթացքում պատասխանել է ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցերի: Կրեմլի ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, որ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ, թեև Կիևը բազմիցս հերքել է այդ պնդումը: Պուտինը հավատացրել է, որ մարտի դաշտում ռազմավարական առավելությունը ռուսական կողմինն է: Նաև նրա խոսքով՝ 2025 թվականին Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել ավելի քան 400000 քաղաքացի։ Իսկ ռազմադաշտում այժմ կռվում են հարյուր հազարավոր զինվորականներ:
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, բայց իր առաջ քաշած պայմաններով: Նա հավելել է՝ այժմ գնդակը Ուկրաինայի և Եվրոպայի դաշտում է: «Որոշ ազդանշաններ ստացել ենք, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսության: Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը»,- ասել է Կրեմլի ղեկավարը: Ըստ Պուտինի՝ Դոնալդ Թրամփը լուրջ և անկեղծ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք Ալյասկայում գրեթե համաձայնեցինք Թրամփի առաջարկներին, այնպես որ չի կարելի ասել, թե Մոսկվան ինչ-որ բաներ մերժում է»,- հավելել է նա:
Ինչ վերաբերում է Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվներին, Ռուսաստանի նախագահն ընդգծել է՝ «նրանք կվերադարձնեն այն, ինչ գողացել են»:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: