Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հանդիպումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, նույն վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Գարիկ Ծատուրյանը, կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված բոլոր խնդիրներին։
Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծում ստացած հարցերը, ինչպես նաև ներկայացրել մի շարք խնդիրների առաջացման հանգամանքները և լուծման հնարավոր տարբերակները։ Միևնույն ժամանակ, համատեղ քննարկվել են հիմնարկում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ և գործնական ուղիները։
Ծովինար Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծել է անմիջական և շարունակական քննարկումների կարևորությունը խնդիրների համակողմանի դիտարկման և միասնական լուծումների ձևավորման տեսանկյունից։
Իր հերթին Լաուրա Գասպարյանը ՄԻՊ հաստատության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ավանդույթ դարձած անմիջական քննարկումների ձևաչափը՝ խնդիրներին առավել հրատապ և օպտիմալ լուծումներ տալու նպատակով։