Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) անցկացվող ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի (CoSP11) շրջանակում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակները մի շարք հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ։
Մասնավորապես՝ տեղի են ունեցել հանդիպումներ Ֆրանսիայի, Մոլդովայի և Չինաստանի, Սինգապուրի և Ղազախստանի բարձրաստիճան պատվիրակների հետ։ Միջազգային գործընկերների հետ քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուտների համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների դերակատարությանը վերաբերող հարցեր։
ԲԴԽ նախագահը ներկայացրել է 2023–2026 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված՝ դատական համակարգին վերաբերող հիմնական բարեփոխումները, մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների գործունեությունը։
Մոլդովայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության գրասենյակի ղեկավար Մարսել Դումբրավան և Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Ալեքսանդրու Պինզարին տեղեկացրել են 2025 թ․ հուլիսից դատական համակարգին կից ստեղծված հակակոռուպցիոն կառույցի մասին, որն ուղղված է իշխանական օղակների կոռուպցիայի, չհիմնավորված ակտիվների բռնագանձման և կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումներով քրեական գործերի ուսումնասիրությանն ու հավաքագրմանը։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային վերահսկիչ հանձնաժողովի (National Supervisory Commission) ներկայացուցչի հետ ընդգրկել է արդարադատության համակարգում հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։
Ղազախ գործընկերները ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության համակարգի միջոցով հակակոռուպցիոն մեխանիզմների գործարկման փորձը։
Սինգապուրի հակակոռուպցիոն գլխավոր մարմնի՝ CPIB-ի ներկայացուցիչները մանրամասնել են. կոռուպցիոն հանցագործությունների հակազդման և հակակոռուպցիոն վարքի ձևավորման իրենց մշակած համակարգը գործում է վարչապետի գրասենյակի ենթակայությամբ և համարվում է Սինգապուրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական իրականացնող օրգանը:
AFA Ֆրանսիայի պետական հակակոռուպցիոն գործակալության նախագահ Իզաբել Ժեգուզոն հայկական կողմին է ներկայացրել կառույցի կողմից պետական մարմիններին ու մասնավոր հատվածին տրամադրվող աջակցությունը կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու և կանխելու գործում, խոսել հայտարարագրման գործընթացի ֆրանսիական առանձնահատկություններից։
ԲԴԽ նախագահը կարևորել է Ֆրանսիայի փորձը՝ կոռուպցիայի կանխարգելման, չհիմնավորված ակտիվների բռնագանձման,իրավապահ և դատական համակարգերի փոխգործակցության բնագավառներում։
UNCAC-ը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ գլխավոր միջազգային կոնվենցիան ընդունվել է 2003 թ․, ուժի մեջ է մտել 2005 թ․, սահմանում է կանխարգելման, քրեականացման, միջազգային համագործակցության և ակտիվների վերադարձի պարտավորություններ։ Հայաստանը այն ստորագրել է 2005 թ․ և CoSP11-ում մասնակցում է որպես լիիրավ անդամ։