Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։ Այդ մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը:
Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա։
Անդրադարձ է կատարվել համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։