Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝
migration.mia.gov.am-ը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ն:
ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար՝ եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։
Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։
Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։
Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։
migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։