Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայկական բռնցքամարտը մրցաշրջան 2025-ում արձանագրել է բոլոր ժամանակների լավագույն արդյունքը:
Պատմական արդյունք՝ 5 մեդալ մեծահասակների աշխարհի առաջնությունում: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ 78 մեդալ՝ 11 ոսկե, 34 արծաթե և 33 բրոնզե:
«Երբևէ օլիմպիական որևէ այլ մարզաձևում 78 հայ մարզիկ մեկ մրցաշրջանում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում պատվո հարթակ չի բարձրացել»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրությունում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս տարի ևս ամենաբարձր մակարդակով է անցկացրել մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները:
Ընդ որում՝ պատմական արդյունք են գրանցել նաև մեր երիտասարդները՝ երևանում ամցկացվող Եվրոպայի առաջնությունում նվաճելով 4 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: 3 չեմպիոնական տիտղոս էլ ունեցանք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
«Արդյունքն անկասկած տպավորիչ է, բայց մենք շարժվելու ենք առաջ: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, մարզիչներն ու մարզիկները ջանք ու եռանդ չեն խնայելու 2026 թվականին նույնպես մեր երկրին մեծ հաղթանակներ պարգևելու համար»,- նշված է հաղորդագրությունում: