ԵՄ առաջնորդներին չի հաջողվել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային խոշոր վարկ տրամադրելու հարցում: Բանակցությունները տևել են շուրջ 16 ժամ: Եվրոպական կողմը, սակայն, դիտարկել է այլընտրանքային տարբերակներ: Արդյունքում՝ առաջնորդները պայմանավորվել են 90 միլիարդ եվրո հատկացնել Կիևին՝ Եվրամիության բյուջեից։
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է, որ այդ միջոցները նախատեսված են 2026-2027 թվականների համար: Ակնկալվում է, որ առաջին փոխանցումները կարվեն արդեն հունվարին: Նաև նշվում է, որ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն ցանկացել մասնակցել նախաձեռնությանը։
Օրեր առաջ ԵՄ-ն որոշել էր անժամկետ սառեցված պահել արևմտյան պետություններում գրանցված ռուսական ակտիվները։ Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլ են տալիս սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Կիևին:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում կարծիք է հայտնել, որ օգտակար կլիներ Ուկրաինային աջակցությանը զուգահեռ վերսկսել Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը: Էմանուել Մակրոնը շեշտել է՝ եվրոպական կողմը պետք է առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնի` հակառակ դեպքում ստիպված կլինի երկխոսել Մոսկվայի հետ բանակցողների հետ:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: