2024 թվականին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվել է 2 ծրագիր. առաջինը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագիրը, երկրորդը՝ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերը:
Նշյալ ծրագրերն իրականացնելու համար ՀՀ 2024-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հատկացվել է 877 միլիոն 55 հազար դրամ, որից 577 միլիոն 54 900 դրամը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի իրականացման համար, իսկ ավելի քան 300 միլիոնը՝ ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման ծրագրերի իրականացման համար: Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ, ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Անդրադառնալով Սփյուռքի ներուժի ներգրավմանը՝ Սինանյանը նշեց՝ եթե մենք ցանկանում ենք լրջորեն ներգրավել Սփյուռքի ողջ ներուժը մեր պետության կայացման, անվտանգության, բարգավաճման մեջ, բնական է՝ դա պահանջելու է շատ լուրջ ներդրումներ:
«Եթե ներդրում չանես, արդար չի պահանջել ինչ-որ վերադարձ Սփյուռքից»,- ասաց նա՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերում էր Սփյուռքի ներուժի գնահատմանը և հետաքրքրվում՝ արդյոք տարեկան 20 միլիոն դրամը բավարար է Սփյուռքի ներուժը գնահատելու համար:
Ինչ վերաբերում է ներսփյուռքյան կառուցվածքային փոփոխություններին՝ Սինանյանը հայտնեց, որ շարունակական հոսք կա Միջին Արևելքի երկրներից, թեև այնտեղ հայկական համայնքները փոքրաթիվ են ներկայումս, բայց հոսքը շարունակվում է Սիրիայից, Լիբանանից, Իրանից, թեև ավելի դանդաղ տեմպերով:
«Հոսք կա Ռուսաստանից, Ուկրաինայից, գիտենք՝ ուր են տեղափոխվում, ոնց են տեղափոխվում, որովհետև դա մեր գործն է, մենք առնչվում ենք այդ մարդկանց հետ: Եթե սրանից 10 տարի առաջ դուք Լոս Անջելեսում ուկրաինաահայերի կամ ռուսահայերի հազվադեպ կտեսնեիք, ապա հիմա, եթե այցելեք, կտեսնեք, որ շատ են: Նույն բանը կարելի է ասել Եվրոպայի տարբեր երկրների մասին, որտեղ փոխվել է դեմոգրաֆիան Սփյուռքի և շարունակում է փոխվել»,- ասաց Զարեհ Սինանյանը: