Վերջին ժամանակներում նկատվում է ներմուծվող ցեմենտի գնանկում, ինչի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ, և ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի ու ներմուծվողի միջև: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:
Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում, ըստ փոխնախարարի, 2024 թվականին արտադրվել է շուրջ 1 մլն տոննա ցեմենտ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92,7 տոկոսը: Տեղական արտադրության ցեմենտի միջին արժեքը 35-37 հազար դրամ է՝ առանց ԱԱՀ-ի, որի կեսից ավելին կազմում են էներգետիկ ռեսուրսները՝ գազը և էլեկտրաէներգիան: Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ տարեկան արտադրությունը կազմում է 75-85 մլն տոննա, իսկ արտահանումը՝ 13-15 մլն տոննա:
«Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ 2023-ին Հայաստան է ներմուծվել 260 հազար տոննա ցեմենտ, աճը 2022 թվականի նկատմամբ՝ 3,5 անգամ, ինչը կազմում է նույն թվականին Հայաստանում արտադրված ցեմենտի 22,4 տոկոսը: 2024 թվականին նույնպես աճել է ցեմենտի ներմուծումը շուրջ 65 տոկոսով: Ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է 27,500 դրամ»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ ներմուծվող ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է ի հայտ բերում:
«Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում և կանգնել արտադրական գործունեության դադարեցման վտանգի առաջ, ինչը կարող է հանգեցնել ցեմենտի գների կտրուկ բարձրացման»,- ասաց նա:
Այսպիսով, պաշտպանելու համար ներքին արտադրողին առաջին ընթերցմամբ ներկայացվող նախագծով առաջարկվում է ինքնարժեքների համահարթեցման նպատակով մինչև 100 տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով գործող 200-ապատիկի փոխարեն:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ սա ներքին շուկայի պաշտպանության հրատապ միջոցառում է, իսկ տուրքը գործիք է, որը հնարավորություն է տալիս շուկան հավասարակշռելու:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ 2021 թվականին տուրքի չափը վերանայվել էր, և տուրքը իջեցվել էր 2000 դրամ: Թունյանը նաև նկատեց, որ տուրքի չափի վերանայումն իրականում լավագույն ճանապարհը չէ, բայց եթե սա այժմ չարվի, ապա առաջիկայում լուրջ խնդիրներ կառաջանան:
«Իրանական ցեմենտի գինը կտրուկ նվազել է թե՛ էներգակիրների, թե՛ սուբսիդավորման, թե՛ փոխարժեքի հաշվին, և եթե այս պահին մենք քայլեր չձեռնարկենք, այն էլ՝ հնարավորինս արագ, մեր տեղական արտադրողները պարզապես դրան չեն դիմանա»,- ասաց Թունյանը: