«Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է». այս կարգախոսով Երևանում այսօր կայացել է «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթը, որն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո՝ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած տպավորիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Միջազգային ժյուրիի քվեարկությամբ մրցույթում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ ակորդեոնահար Միխավ Ստոխելը։ Նա մրցույթի պատմության մեջ առաջին ակորդեոնահարն է, որն արժանացել է գլխավոր մրցանակին։
Հայաստանը ներկայացրել է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը․ նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հաղթողներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և Օպերային թատրոնի նվագախմբերը։
«Դասական Եվրատեսիլին» մասնակցել է 11 երկիր՝ Հայաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա, Շվեդիա։
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը։
«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն են: Միջոցառման շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքում տեղի է ունեցել բալետային ֆիլմ-փերֆորմանս, որը յուրովի վերաիմաստավորել է դասական երաժշտության այս կարևոր իրադարձությունը։