Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով է մեկնարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
Հայաստանը առավել քան երբևէ ազատ է, անկախ է և ինքնիշխան, բեմահարթակից հնչել են առաջին ուղերձները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունել է այս օրերին Ռուսաստանից և այլ երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին՝ բարի գալուստ մաղթելով ազատ, անկախ ու խաղաղ Հայաստանի Հանրապետություն։
Լեփ-լեցուն հրապարակում բազմահազար քաղաքացիները շարունակաբար վանկարկել են՝ Նիկոլ, վարչապետ։ Իր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է սաղմոսով, ապա նշել, որ բոլոր ոլորտներում արդարություն է հաստատվելու: Պետության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանում գործող դատաիրավական մաֆիան խաղում է ժողովրդի նյարդերի հետ, և արդարադատության համակարգը պետք է տեսանելի, ընդունելի, հասկանալի լինի ժողովրդի համար: Վարչապետն ասել է, որ ինքը բազմագլուխ մաֆիայի շատ գլուխներ կտրել է, և ժողովրդի քվեն ակնկալում է մաֆիայի վերջին երեք գլուխները կտրելու համար:
Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի ներքաղաքական կյանք լրտեսական օրակարգեր ներմուծողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Նա նաև կոչով դիմել է Ռուսաստանից եկած մարդկանց։
«Համոզված եմ, որ ՌԴ-ից եկած բազմաթիվ մարդիկ են այստեղ․ ձայն տվեք, ցուցադրեք ձեր ներկայությունը, սիրելի՛ հայրենակիցներ։
Իսկ նրանց, ովքեր այստեղ չեն, ուզում եմ ասել հետևյալը․ եթե արդեն մի քանի ժամ, մի քանի օր ՀՀ-ում եք, նշանակում է՝ մի քանի ժամ, մի քանի օր վայելում եք ազատությունը։ Ուրեմն տեր կանգնեք այն ազատությանը, որը ստեղծել ենք նաև ձեզ համար։ Տեր կանգնեք այն պետությանը, որը նաև ձերն է։ Վերադարձե՛ք, ձեր հայրենիքը սիրում է ձեզ և սպասում է»,-նշել է նա։
Բացի այդ, կոչով դիմել է Ղարաբաղից տեղահանված հայերին․ «Ուզում եմ կոչով դիմել Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին։ Դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տան տեր եք, դուք տանն եք, պետության և հայրենիքի՝ ՀՀ հպարտ քաղաքացի եք։
ՀՀ կառավարությունը պլանավորում է առաջիկա տարում 800 միլիարդ դրամ հատկացնել, որ դուք ապրեք, տնավորվեք, արմատավորվեք ձեր հայրենիքում»։