Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:
Քննարկվել են համայնքում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, մասնավորապես՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին վերաբերող հարցերը:
Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ հաճախ ստանում են արագ լուծումներ:
«Տարբեր բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել քննարկված հարցերը` առաջարկելով դրանց համար լուծումներ: