ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրք լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում հարց է հնչել նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ։
«Ռուբեն Վարդանյանը բանտարկված է, ներկա պահին հացադուլ է հայտարարել։ Այս թեմաների շուրջ Հայաստանի մամուլում էլ Հայաստանի կառավարությանն ուղղված որոշակի քննադատություններ կան առ այն, որ համապատասխան ջանքեր չեն գործադրվում։ Դուք ի՞նչ եք մտածում այս խնդրի հետ կապված»,- հարցին վարչապետը պատասխանել է․
«Արդեն ասացի, որ այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում և նաև մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար: Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը, ըստ էության, այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ և էսկալացիոն նպատակներով: Եվ երբ ասում են, որ Հայաստանի Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, եթե մարդիկ նման բան ասում են, նշանակում է՝ բավարար չափով տեղեկացված են: Եթե բավարար չափով տեղեկացված են, ուրեմն պետք է հաջորդ քայլն էլ անեն և ցույց տան՝ այդ ո՞ր գործողությունն է, որ Հայաստանի Կառավարությունը պիտի անի, և դա կբերի արդյունքի և Կառավարությունն այդ ջանքը չի գործադրում։ Ես, ընդհանուր առմամբ, այդ քննադատությունը հասկանում եմ և միշտ ասում եմ՝ քանի դեռ այդ ջանքերը, որ Կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետև այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում: Ինչո՞ւ, որովհետև այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները պետք է լինեն շատ նպատակային և կոնկրետ նպատակի ծառայեն: Եվ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս և ընդհակառակը՝ վնաս են տալիս։ Ես միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ 32 գերեվարված մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան, և մինչև վերջին վայրկյանը ոչ մեկի հայտնի չէին այն ջանքերը, որ մենք գործադրում էինք, և մինչև վերջին վայրկյանը հնչում էին քննադատություններ, որ Կառավարությունը ոչինչ չի անում: Եվ այդ մարդիկ իրենց տեսակետից ճիշտ էին, որովհետև նրանց տեսակետից Կառավարությունը որևէ բան անում է միայն այն պարագայում, երբ այդ խնդիրը լուծված է։ Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն Կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում, բայց մինչև 2023 թվականի դեկտեմբերին մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը, մինչև այդ վերջին վայրկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ, և որ Կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ Կառավարությունն անում էր, և դա իմացվեց ընդամենն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց, և դա ակնհայտ դարձավ: Ես արդեն ասացի, դա ցավոտ հարց է, բայց կա նաև հետևյալը՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ խնդիրը ցավոք, էլի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ, ընդ որում՝ արդեն իսկ կան հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որն իհարկե անհանգստացնող է, անընդունելի և Հայաստանի Կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել»:
Խոսելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների մասին՝ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, նաև անդրադարձել է Բաքվում պահվող գերիների խնդրին։
«Ուզում եմ եռակողմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումն անել, որ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն։ Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը՝ փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում և այլն: Ես նկատի ունեմ, դա լավ մոտեցում չէ՝ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական. տեղ-տեղ ասել՝ այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել՝ այն ուժ ունի, ընդ որում՝ վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ի վերջո, դա հրապարակային փաստաթուղթ է»։