Ի՞նչ անել այն իրավիճակներում, երբ համայնքի ավագանին գործունակ չէ, այսինքն՝ չի կարողացել 3 ամսվա ընթացքում հրավիրել նիստ, կամ կենսունակ է, բայց չի կարողանում ընտրել համայնքի ղեկավար 1 ամսվա ժամկետում: Երկու դեպքում էլ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն, և կնշանակվեն նոր ընտրություններ:
Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ ավագանու լիազորությունները դադարեցնելու պարագայում համայնքի ղեկավար չկա, տեղը թափուր է, կամ այլ հանգամանքներ կան, որոնք խոչընդոտում են վերջինիս կողմից պարտականությունների կատարումը: Խնդիրը լուծելու համար իշխող ուժը ՏԻՄ օրենքում լրացում կատարելու նախագիծ է ներկայացրել, որն Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Մի հնարավորություն կա, երբ քաղաքային համայնքները ներառող համայնքներում այդ պաշտոնում նշանակում կատարի ՀՀ վարչապետը, իսկ գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում նշանակում կատարի մարզպետը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ նշված մոդելը կիրառվելու է, երբ համայնքի ավագանին այլևս ունակ չէ ձևավորելու համայնքի գործադիր պաշտոնները՝ համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ: Նման իրավիճակներում լուծումն ընտրություններն են, իսկ ընտրությունները կիրականացվեն, եթե կա պաշտոնատար անձ:
«Այսինքն՝ փակ շթղա ենք ձևավորում, երբ չունենք պաշտոնակատար, որովհետև այդ ընտրությունների նշանակման և անցկացման գործընթացը կազմակերպելու համար պետք է ունենանք կա՛մ համայնքի ղեկավար, կա՛մ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրանց բացակայությունը մեզ թույլ չի տալիս, որ ընտրական գործընթացը կազմակերպենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրավական այս խնդրի լուծման համար է մշակվել նախագիծը:
«Այս լուծումը նպատակ ունի վթարային ելք ապահովել այն իրավիճակներում, երբ մենք կարող ենք բախվել ՏԻՄ-ի կողմից վերջինիս գործառույթների իրականացման անհնարինությանը, եթե մեզ անհրաժեշտ է մինչև նոր ընտրություններն առնվազն ապահովել համայնքի բնականոն գործունեությունը»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ խնդրի լուծման այս տարբերակը նորամուծություն չէ ՀՀ օրենսդրության համար: Կան մի շարք իրավիճակներ, երբ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոնի թափուր լինելու պարագայում քաղաքային համայնքներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավունք ունի վարչապետը, իսկ գյուղական համայնքներում՝ մարզպետը:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը նշեց, որ նախագիծը սեղմ ժամկետում մշակվել է Գյումրիում ստեղծված իրավիճակից հետո, և որ այն ամբողջական չէ, հնարավոր է՝ առաջիկայում ևս անդրադառնան ՏԻՄ օրենքին:
Նշենք, որ նախագիծը նպատակ ունի լուծելու Գյումրիում ստեղծված քաղաքային ճգնաժամը, որն առաջացել է այն բանից հետո, երբ իշխող ուժը հրաժարական է տվել: