Ֆրանսիայի Սենատն այս շաբաթ ընդունեց բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին հեռացնել զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք: Ֆրանսիայի օրենսդիրը գործադիրից ակնկալում է միջոցներ ձեռնարկել Բաքվի ագրեսիան պատժելու համար, կիրառել սահմանափակումներ, պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, արգելք կդնեն այդ երկրից գազի և նավթի ներկրման վրա:
Այս բանաձևի հեղինակներն այն նույն խորհրդարանականներն էին, որոնք 2020-ին էլ Արցախի վերաբերյալ հայտարարություն էին ընդունել ու կոչ արել Ելիսեյան պալատին շարժվել ճանաչման ճանապարհով: Երեքշաբթի ընդունած բանաձևում նույնպես Սենատը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ, դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։
Այս բանաձևը, ինչպես 2020 թվականինը, թեև խորհրդատվական բնույթի է, քաղաքական առումով լուրջ ուղերձ է պարունակում. անկախ եվրոպական էներգետիկ ճգնաժամից, Ֆրանսիան չի ցանկանում գործարքի գնալ բռնապետական կառավարության հետ ու վերահաստատում է հակամարտությունն արդարացի լուծելուն աջակցելու իր հանձնառությունը:
Ֆրանսիայի այս դիրքորոշումը, իհարկե, դուր չի գալիս Ալիևին ու նրա հովանավորին: Թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը քննադատեցին Սենատի որոշումը՝ Ֆրանսիային մեղադրելով կողմնակալության համար: Մինչ Ադրբեջանը ցույցեր է պատվիրում ընդդեմ Ֆրանսիայի, փորձագետները փաստում են՝ քաղաքական գնահատականներ պարունակող այս բանաձը կարող է ազդեցություն ունենալ միջազգային հանրության դիրքորոշման և բանակցությունների ընթացքի վրա:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան