Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայցորդ Արմեն Այվազյանի գիտական թեման պետական ֆինանսավորման արժանացածներից մեկն է: Այվազյանի հետազոտությունը միտված է մշակել այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա կրճատել էներգիայի ծախսը բջջային կապի ցանցերի բազային կայաններում:
Արմեն Այվազյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հայցորդ) - Այսօր բջջային կապը ունի մեծ ազդեցություն համարյա բոլոր երկրներում ժողովրդի և երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Օգտագործվում է բոլոր ուղղություններով, դրանցից են վիդեոների տրամադրում, առցանց խաղեր, գործառույթների կառավարում և այլն և այլն:
Տարիների ընթացքում բջջային կապը զարգացել է՝ 2G տեխնոլոգիայից մինչև 4G, շուտով արդեն 5G կլինի: Սրան զուգահեռ մեծանում են պահանջարկն ու ծավալները, ավելանում էլեկտրաէներգիայի ծախսը: Այվազյանն ասում է՝ եթե ձեռքերը ծալած նստենք, համակարգը մի օր ուղղակի կդադարի գործել:
Արմեն Այվազյան - Քանի որ սերվիսը այնքան կթանկանա, որ մարդիկ չեն կարողանա օգտագործել, այսինքն՝ մենք կունենանք հակառակ էֆեկտը: Այսօր հարցը արդիական է ոչ միայն մեզ մոտ, նաև աշխարհում, ու ինձ թվում է՝ մեզ մոտ ստացվելու է:
Մշակված ալգորիթմը թույլ է տալու հաշվարկել ու գնահատել՝ այս կամ այն տարածքում որքան ծածկույթ ապահովելու պահանջարկ կա, ու կայանների ռեսուրսներն էլ օգտագործվեն ըստ անհրաժեշտության: Դրա շնորհիվ նվազելու է նաև հոսանքի ծախսը, առայժմ՝ 7 տոկոսով:
Արմեն Այվազյան - Թեստերի արդյունքները գնահատվում են լավ, որի համար շատ ուրախ եմ, որոշակի ճշգրտումներից հետո հնարավոր կլինի օգտագործել ընդհանուր ցանցում, գլոբալացնել, ու, բնականաբար, հնարավոր է, որ ուրիշներն էլ օգտագործեն մեր նորարարական փորձերը:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՍՏԱՑԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ 31 ՀԱՅՏ, ՀԱՂԹԵԼ ԵՆ 26-Ը
Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության աջակցության ծրագրով մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտեում այս տարի ստացվել է 31 հայտ, հաղթել՝ 26-ը: Ծրագիրը վաղուց է գործում, բայց 2020-ին ենթարկվել է որոշ փոփոխությունների: Գիտական հետազոտության ֆինանսավորումը մեկ տարվա փոխարեն դարձել է մինչև 3 տարի: Վճարվում են ոչ միայն ասպիրանտն ու հայցորդը, այլև գիտական ղեկավարը: Ամեն հաջորդ տարի ֆինանսավորման համար հաշվետվությունից բացի պետք է ապահովել որոշակի չափանիշներ՝ ընթացիկ տարվա վերջնարդյունք: Հակառակ դեպքում աջակցությունը դադարեցվում է:
2020 թվականից մինչև այժմ ստացվել է գիտատեխնիկական հետազոտությունների դրամաշնորհի 106 հայտ, ֆինանսավորվել՝ 66-ը: 38 հայտի մերժումը տեխնիկական պատճառներով է, և միայն 2-ի դեպքում է, որ հայտը մերժվել է գիտական փորձաքննության արդյունքում: Ֆինանսավորված 66 հայտի հեղինակներից 25-ը Գիտությունների ազգային ակադեմիայի, 41-ը՝ պետական բուհերի ասպիրանտ կամ հայցորդ են:
Արթուր Մովսիսյան (ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Մեր բոլոր հանձնաժողովները, որոնք ձևավորվում են, շատ բարի են, և գիտական թեմաները, բնականաբար, որոշակի մակարդակ էլ չեն գցում, բայց պատրաստ ենք և մենք որպես պետություն ինչքան հնարավոր է շատ հայտեր ֆինանսավորել:
Թե ծրագիրն ինչ չափով է նպաստել գիտության համակարգում սերնդափոխությանն ու մրցունակ երիտասարդ կադրերով համալրմանը, գնահատելը վաղ է՝ ասում է Արթուր Մովսիսյանը: Ծրագրին մասնակիցներն են դեռ քիչ:
Արթուր Մովսիսյան - Կարևորն էն է, որ երիտասարդները իմանան. էն երիտասարդները, որոնք որոշում են կայացնելու մտնել գիտություն, վստահ լինեն, որ իրենց լավ աշխատանքի արդյունքում կկարողանան հենց մուտքի պահից ֆինանսավորում ունենալ, թեմաները ղեկավարել և ինքնուրույն տնօրինել իրենց դրամաշնորհի գումարը և կարողանան իրենց գիտական կարիերան առաջ տանել:
Յուրաքանչյուր հայտի համար նախատեսված տարեկան առավելագույն գումարը 3 մլն 200 հազար դրամ է: