Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2026 թվականի մայիսի 6-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, մասնակցել է «Դատախազության համակարգի եվրոպական ինտեգրում․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկմանը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրաջասթի գործընկերների հետ հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Բոստյան Շկրլեցը, Պորտուգալիայում CARIN ցանցի (Camden Asset Recovery Inter-agency Network) ներկայացուցիչ, ավագ դատախազ Ժուայո Կոնդե Կորեյան: Պանելային քննարկումը համակարգել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպական ինտեգրման գործընթացում իրավական համագործակցության կարևորությանը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում միջազգային գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։
Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանն իր ելույթում անդրադարձել է անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային իրավական համագործակցության կարևորությանը, բարձր է գնահատել Եվրաջասթի հետ Հայաստանի համագործակցությունն ու ընդգծել ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման և բռնագանձման ոլորտում միջազգային փոխգործակցության անհրաժեշտությունը՝ CARIN ցանցի միջոցով։
Եղիազար Ավագյանը վստահություն է հայտնել, որ Եվրաջասթի ամբողջական գործիքակազմից և ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը նոր մակարդակի կհասցնի քրեական գործերով համագործակցությունը և էականորեն կնպաստի անդրազգային հանցագործությունների արդյունավետ քննությանն ու քրեական հետապնդմանը։