Միացյալ Նահանգները և Իրանը մեկամսյա հրադադարից հետո փոխադարձ հարվածներ են հասցրել: Թեհրանից նշել են, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են Հորմուզի նեղուց մտնող երկու նավ, ինչպես նաև հարվածել են Իրանի տարածքին։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզու նավահանգստին և Բանդար Աբբաս քաղաքին։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ կրակ են բացել ի պատասխան ամերիկյան ռազմանավերի վրա իրանական հարձակումների։
Սակայն Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է, և տեղի ունեցածը չի նշանակում ռազմական գործողությունների վերսկսում։ «Նրանք փորձեցին խաղալ մեզ հետ։ Մենք ոչնչացրինք նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Մինչդեռ Թեհրանից հավատացնում են, որ զգալի վնաս են հասցրել ամերիկյան ուժերին: Իրանական կողմը նախազգուշացնում է՝ անհրաժեշտության դեպքում կրկին կարձագանքեն:
Այս զարգացումների ֆոնին՝ տեղեկություններ կան, որ բանակցությունները շարունակվում են: Հաղորդվում է, որ այժմ Իրանը դիտարկում է կարգավորման ամերիկյան առաջարկը: Վաշինգտոնի հիմնական պահանջներն են, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից և բացի Հորմուզի նեղուցը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։