ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կառավարությունը շարունակում է 2016 թվականից մեկնարկած համայնքների խոշորացման ծրագիրը: Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, արդյունքում՝ Հայաստանում 79-ի փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված. տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Ազգային ժողովին ներկայացրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորումից մենք կունենանք 34 բնակավայրով Թալին համայնք, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից կունենանք Ճամբարակ համայնք՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից կունենանք Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրով և 42.700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից կունենանք Տաշիր համայնք՝ 24 բնակավայրով և 28 հազար բնակչությամբ, և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից կունենանք Սիսիան համայնք՝ 36 բնակավայրով, 31.5 հազար բնակչությամբ:
Համայնքների խոշորացման արդյունավետությունը թվերն ու ներկայացված սուբվենցիոն ծրագրերն են փաստում՝ ասաց Սանոսյանը: Քննադատությունը, թե խոշորացման գործընթացի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվում, նախարարը հիմնավոր չհամարեց:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններով էլ առաջարկվում է այդ խոշորացվող համայնքներում նշանակել ավագանու ընտրություն: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի փոփոխություններն էլ ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Փոփոխություններով տնտեսվարողները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում: Քարտով վճարում կարող են չունենալ միայն փոքր կրպակները:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Օրակարգային մյուս հարցը Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացումն էր:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ ՍԴ դատավորների համար նախատեսվում է վերանայում դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար:
Փոփոխությունները բխում են ՀՀ դատաիրավական ռազմավարության տրամաբանությունից՝ վստահեցրեց Մինասյանն ու նկատեց, որ հետայսու ՍԴ բոլոր դատավորները կստանան նույն աշխատավարձը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ. ՆԱԽԱԳԻԾ
Իրավապահ կառույցներից Դատախազությունն էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացրեց: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով՝ առաջարկվում է պաշտոնատար անձ հասկացությունն ընդլայնել և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց: Հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնողները, համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները, 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները և պետական ապարատի բոլոր ներկայացուցիչները:
Իրավասու մարմինը ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված ուսումնասիրությունը կարող է իրականացնել 3 տարվա ընթացքում՝ նախորդ 2-ի փոխարեն:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Նախագծի շրջանակում խոսեց «Քաղաքացիական պայմանագրից» Նարեկ Գալստյանը, բայց անդրադարձավ ընդդիմությանը: Նրա գնահատմամբ՝ ԱԺ նիստերին չմասնակցող ընդդիմադիր խմբակցությունները փողոցում պայքարում են ոչ թե Արցախի, այլ իրենց ունեցվածքը պահելու համար: Գրիգորյանը չշրջանցեց նաև Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունը, թե ինքը 44-օրյա պատերազմի ժամանակ արել է այն, ինչ չեն արել ՔՊ խմբակցության բոլոր անդամները:
Նարեկ Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ մի Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ, որի անունն էր Վաչիկ Սաղաթելյան՝ Իշխան Սաղաթելյանի հայրն էր: Նա խնդրում էր, որ թողնեմ տուն գնա, որ ինքը հիվանդ է, խնդրում էր, որ գնա, և իր տղաները կգան կմասնակցեն: Գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ:
Քաղաքական ելույթ ունեցավ նաև Գևորգ Պապոյանը, որը հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմությունը, իր հիմնական սահմանադրական պարտականությունը թողած, «զբաղված է խորհրդարանից դուրս մանր ու մեծ խուլիգանություններով»:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մեր խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց անգամ բյուջեի կատարողականի քննարկմանը՝ դրա փոխարեն նախընտրելով Ֆրանսիայի հրապարակում նարդի խաղալը, նախարարությունների շենքերում վազվզելն ու չարաճճիություններ անելը, վրանների տակ քաբաբ ու իքիբիր ուտելը: Ինչո՞ւ եմ ես այսքան կարևորում բյուջեի կատարողականի քննարկմանը ընդդիմության մասնակցությունը: Աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ընդդիմությունը մշտապես ատամները սրած սպասում է բյուջեի կատարողականի քննարկմանը, քանի որ այդ ժամանակ հնարավորություն ունեն բովանդակային հարցեր տալ, քննադատել, դատափետել իշխանություններին՝ առաջ տանելով, իրենց կարծիքով՝ ավելի լավ մոտեցումներ:
ԱԺ այսօրվա նիստին մասնակցեց նորընտիր պատգամավոր Գայանե Եղիազարյանը, որը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը: Նա խորհրդարանում փոխարինեց Անուշ Բեղլոյանին, որը մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ ավելի ուշ դարձավ Մրցակցության պետական հանձնաժողովի անդամ:
Հեղինակ՝ Անի Օհանյան