Նրա տեսքով է ժամանակին ստեղծվել Կառլեն Նուրիջանյանի՝ Վահագն վիշապաքաղ արձանը։ Պարել է տարբեր երկրների բեմերում։ Իր պատմություններից էլ անպակաս են Առնո Բաբաջանյանի, Ջիվան Գասպարյանի ու շատ այլ հայտնիների անունները։ Պարարվեստի նվիրյալը ծանր վնասվածքից հետո չպարեց, բայց կարողացավ ոտքի կանգնել։
84-ամյա Ռաշիդ Կարապետյանը այսօր հեռվից է հետևում հայկական պարարվեստին։ Մանրամասն հիշում անցած-գնացած օրերը։
Ռաշիդ Կարապետյան (ՀԽՍՀ վաստակավոր արտիստ) - Փարիզում էինք, Բաբաջանյանը նվագում էր, ես էլ դաշնամուրով կամաց սկսեցի կտկտացնել։ Ասաց՝ ա՛յ տղա, դու պիտի երաժիշտ լինեիր: Ասացի՝ կշարունակեմ։
Ասել է, բայց չի շարունակել։ Իր ուղին պարն էր։ Եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի մենակատար։ Պարել է «Բերդ»-ը, «Պոռթկում»-ը, «Լեռնային պար»-ը։
Ռաշիդ Կարապետյան - Կամբոջայում թագավորը 5 հոգու օրդեն տվեց։ 2 արտիստի՝ Մոսկվայից, ու ինձ տվեցին՝ որպես «զասլուժեննի արտիստ»։
Ինչպես կինն է պատմում, ամենավտանգավոր պտույտներն էր անում։ Դրանցից մեկը ճակատագրական եղավ։ Վնասվածքի պատճառով կյանքը փոխվեց, սակայն նույնիսկ դա չստիպեց, որ ամբողջովին հեռանա մասնագիտությունից։ Իր խորհուրդներով սկսեց պարի գաղտնիքները սովորեցնել ոչ միայն իր երեխաներին, նաև թոռներին, որ շարունակում են նրա ճանապարհը։
Կարապետյանների ընտանիքում պարողները շատ են։ Ինքը հենց պարի միջոցով է ծանոթացել ապագա կնոջ հետ։
Մելանյա Կարապետյան (Ռաշիդ Կարապետյանի կինը) - Պարի պետական անսամբլում ծանոթացել եմ։ Ավելի շատ անսամբլային պարերն եմ տեսել ու շատ-շատ լավ էր պարում։ Ամեն տեղ առաջինն էր։ Առաջինը ստացավ վաստակավոր արտիստի կոչում ամբողջ խմբի մեջ։
Ցավոք, այսօր չեն պահպանվել տեսանյութեր իրենց պարերից, նկարներն էլ քիչ են։
Մելանյա Կարապետյան - Մենք այստեղ միասին ենք պարել։ Առաջին պարը, որ միասին ենք պարել։ Սա առաջին միասին պարն էր։
Անկեղծանում է՝ հեշտ էր Մելանյայի հետ պարելը։
Ռաշիդ Կարապետյանը միշտ արվեստի մեջ է եղել. ժամանակին երաժշտական գործիքներ է հավաքել ու բաժանել: Հետագայում սկսել է նաև քանդակներ ստեղծել։
Հեղինակ՝ Անի Ավագյան