Կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առաքելության մոտ 6-ամյա աշխատանքից հետո ավարտվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը բարելավելու ծրագիրը: ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն գոհ է ծրագրի արդյունքից, նշում է՝ աշխատել են միաժամանակ երեք օղակի հետ:
Ջոն Ալելո (ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն) - Անհատների հետ աշխատանքում ջրի հասանելիության հարցն էր դիտարկվում, երկրորդ օղակում՝ համայնքների հետ աշխատանքում, փորձում էինք նրանց աջակցել ջրի սակավության, ոռոգման համակարգերի ձևավորման հարցում: Եվ հաջորդ օղակում՝ կառավարության հետ մեր գործակցությունում՝ մենք նշանակալից հետազոտական աշխատանքներ ենք կատարել:
Ծրագրի իրականացման համար ծախսվել է 6 մլն դոլար: ԳԱՏՕ անվանումը ստացած ծրագիրը կառավարությանն է ներկայացրել տվյալներ՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների վերաբերյալ և հաշվարկել է ջրառի թույլատրելի ծավալը, որը չի խաթարի ռեսուրսի վերականգնման կարողությանը: Կազմվել է նաև հետազոտության արդյունքներն ու խնդիրները ներառող ատլաս:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Մենք ուրվագծել ենք այն աշխատանքային քարտեզը, թե ինչպես կարող ենք այդ խնդիրները լուծել: Կան կարճաժամկետ լուծման ճանապարհներ, որոնք կարող ենք իրականացնել մեկ-երկու տարվա ընթացքում, բայց մենք ունենք խորքային խնդիրներ, որոնք մեզնից կպահանջեն ավելի երկար և ավելի համակարգային լուծումներ»:
Փորձագետ Մարիանա Վարդանյանն ընդգծում է՝ տարբեր պատճառներով Արարատյան դաշտավայրում մոտ 30 համայնք ուներ խմելու և ոռոգման ջրի խնդիր: 6 տարում իրականացված 17 ծրագրի միջոցով հնարավոր է դարձել լուծել 11 համայնքի ջրի խնդիրը:
Մարինա Վարդանյան (ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի բնական ռեսուրսների ծրագրերի կառավարման մասնագետ) - Մոտավորապես 13 մլն խմ ջուր է խնայվել այդ ծրագրերի հաշվին և 1.5 մլն կլվտ էներգիա է խնայվել, համայնքներն ընդհանուր առմամբ՝ 125 հազար դոլարի տարեկան խնայողություն են անում այս ծրագրերի հաշվին:
Ծրագրի պատասխանատուները նպատակ ունեն հաջորդ տարվա մարտին սկսել հաջորդ փուլը: Այն միտված կլինի արդեն առկա հարցերի լուծմանն ու նոր խնդիրների բացահայտմանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան