2019 թվականի մայիսից Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում պետությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, սակայն մինչ օրս պայմանագիրը հայտարարությունների մակարդակից չի անցել գործնական փուլի: Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծքիով՝ հիմքում խնդիրն է, որ ինտեգրացիոն կառույցի անդամները դեռևս չեն գտել շահերի այնպիսի համադրություն, որ բոլորին տնտեսական օգուտ կապահովի:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Ովքեր գազ չեն արդյունահանում իրենց համար այստեղ խնդրահարույց է, որովհետև գազը ներմուծում էն գազով արտադրում են էլէներգիա, օրինակ՝ Հայաստանը և Հայաստանում էլէներգիան ավելի թանկ կլինի, քան այն երկրում , որտեղ գազն արտահանվում է, օրինակ՝ ՌԴ-ում: Այսինքն՝ միասնական շուկայի շրջանակներում, եթե այլ կարգավորում չլինի, ՀՀ-ում արտադրված էլէներգիան պակաս մրցունակ կլինի, քան ՌԴ-ում կամ Ղազախստանում: Խնդիրը բազմաշերտ է, ու այս կարգի հարցերն արագ չեն լուծվում:
Հայաստանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում միասնական էներգետիկ շուկա ունենալն ու շարունակելու է հարցը բարձրաձայնել. վստահեցրեց իշխող ուժի ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը: Նա հիշեցրեց, որ միասնական շուկան ենթադրում է բոլոր ռեսուրսների՝ կապիտալի, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ ու հավասար տեղաշարժ՝ տնտեսական միավորման մեջ:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Հիմքում այն փիլիսոփայությունն է, որ գազն առաջին հերթին ռեսուրս է, հետո նոր՝ ապրանք, և այս ռեսուրսը պետք է օգտագործվի ի շահ ոչ միայն արդյունահանող երկրի, այլև որոշակիորեն ծառայի ընդհանուր ԵԱՏՄ միասնական շուկային, որովհետև դրա միջոցով մեր տնտեսական միության մրցունակությունն էականորեն կավելանա, մեր տնտեսական միության գրավչությունը կավելանա:
Հայաստանը կտուժի, եթե միասնական շուկայի մեջ միայն էլեկտրաէներգիան լինի, կշահի էներգակիրների միասնական շուկայի պարագայում. շեշտեց Արմեն Քթոյանն ու հավելեց, որ էներգակիրների միասնական շուկա ունենալը ներառված է ինտեգրացիոն պայմանագրում:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Ենթադրվում է, օրինակ, գազի միասնական շուկա, ինչը Հայաստանին շահեկան է, դա նշանակում, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր սպառող կամ ընկերություն, որը գազ է ձեռք բերում, կարող է ձեռք բերել նույն գնով՝ անկախ նրանց ՌԴ-ում, Բելառուսում թե Հայաստանում է:
Էներգետիկ միասնական շուկա ունենալու խնդիրը բազավեկտոր է, երկրների միջև բանակցությունները շարունակվում են՝ ընդհանուր հայտարարի գալու համար:
Գևորգ Պապոյան - Առանցքում ընդհանուր շահն է ու պետությունների միասնական շուկայի զարգացումը: Կարծում ենք՝ կան տեղեր բանակցելու, այո, մեր գործընկերներն ունեն իրենց տեսակետերն այս հարցերի շուրջ, մենք ևս ունենք մեր տեսակետը, որը հաճախ համընկնում է, հաճախ կարող է տարբերվել, ինչը նույնպես շատ նորմալ է, նիստերը դրա համար են կայանում, որ այն կետերը, որտեղ չունենք վերջնական համաձայնություն, հղկվեն:
ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ունենալու համար կա հստակ ժամանակացույց, միջոցառումների պլան ու գործողությունները բնականոն ընթանում են, վստահեցրին բանախոսները: Նրանց խոսքով՝ եթե ամեն ինչ ընթանա պլանին համապատասխան, ապա 2026 թվականին էներգետիկ միասնական շուկան կյանքի կկոչվի: