Հայկական Երկրորդ հեռուստաալիքի ղեկավար կազմն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և ՀՌՀ նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծումը համարում է օրենքի խախտում: Մայրաքաղաքային սլոթի լիցենզիայի մրցույթը կայացել էր հուլիսի 4-ին, որին մասնակցել էին Հանրային հեռուստատեսությունը՝ նոր լրատավական ալիքով, Հ2-ը, «Փաստ ինֆոն»: Հաղթել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքը:
ՀՌՀ որոշումը Հ2-ը բողոքարկել է, բողոքն էլ դատարանը վարույթ է ընդունել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն քվերակության արդյունքներն ուսումնասիրելուց հետո նշել էր՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2 անդամները բավական տարօրինակ են քվեարկել:
Լևոն Սուլթանյան, Հ2 հեռուստաալիքի տնօրենի տեղակալ - Օրենքի ուղիղ պահանջ կա, որ այս քվեարկությունը պետք է լիներ փակ: Այսինքն՝ որևէ մեկը չպետք է իմանար, թե ով ինչպես է քվեարկել: Միայն այն հանգամանքը, որ քվեարկությունը եղել է բաց, պետք է հիմք հանդիսանա, որ մրցույթը ճանաչվի անվավեր:
Մրցույթը փակ է, բայց ոչ գաղտնի, քվեարկության տվյալները, այդ թվում՝ անվանական, որոշումն ընդունելուց հետո հասանելի են բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ հարցման դեպքում: Շեշտում է ՀՌՀ-ի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը:
Դավիթ Մարգարյան, ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ - Տվյալ դեպքում՝ օրենքը սահմանել է փակ քվեարկություն, որը վերաբերում է ընթացքին, իսկ գաղտնիության մասին որևէ սահմանում չկա, այսինքն՝ գաղտնի ու փակ քվեարկությունը նույնը չէ:
Նախորդ՝ հունվարին անցկացված մրցույթին Հ2-ը հրաժարվել էր հայտ ներկայացնել մայրաքաղաքային ծածկույթի համար և ինքնակամ զրկվել էր այդ հնարավորությունից։ Ի՞նչն ստիպեց Հ2-ի ղեկավարությանը մտքափոխվել և մասնակցել մայրաքաղաքային մրցույթին՝ հարցին ի պատասխան նշում են՝ ազատ սլոթի առկայությունը:
Հ2 հեռուստաընկերության փոխտնօրենը, շարունակելով պնդել, որ քվեարկության անվանական տվյալների գաղտնազերծումն օրենքի խախտում է՝ նշում է, որ այդ տվյալներն իրենց չեն տրամադրել: Իսկ ՀՌՀ-ից նշում են՝ չեն տրամադրել, քանի որ համապատասխան պահանջ չի եղել:
Լևոն Սուլթանյան - Արդեն որոշումն ընդունելուց հետո ենք մենք ուզում փաստաթղթերը, որ դիմենք դատարան: Թող տան, չեն տալիս, դատարանն էլ է ուզում՝ չեն տալիս:
Դավիթ Մարգարյան - Հեռուստաընկերության կողմից չի եղել հստակ պահանջ, թե որ համարի տակ ով է քվերակել, դրա համար չի տրամադրվել, հակառակ դեպքում՝ օրենքի խախտում կլիներ չտրամադրելը:
Նշում է, դատարանի կողմից ևս նման պահանջ չի եղել: Այդպիսի պահանջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել էր: Կազմակերպության մոնիթորինգի մասնագետ Շուշան Ստեփանյանը «Լուրերի» հետ զրույցում նշել էր՝ վերլուծությունից հետո միայն՝ հարցմամբ էր տեղեկացել, որ հանձնաժողովի 3-րդ և 4-րդ համարների տակ Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանն են: Հակասությունը հենց նրանց գնահատականներում է եղել: Օրինակ՝ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությամբ Հանրայինին հանձնաժողովի անդամներից մեկը տվել է 5 միավոր, իսկ «Փաստինֆոյին» և Հ2-ին՝ 17:
Հ2-ի ղեկավարությունն արդեն բողոքարկել է հուլիսի 4-ին կայացած երևանյան սլոթի լիցենզիայի մրցույթի արդյունքները, դատարանը գործը վարույթ է ընդունել: Գործի շրջանակում այս հարցը ևս բարձրացնելու են՝ նշում է Հ2-ի փոխտնօրենը: Դատարանում քննվում է նաև հանրապետական սփռման մրցույթն անվավեր ճանաչելու հարցը։
Հիշեցնենք, մրցույթում հաղթել են «Երկիր Մեդիա», «Արմենիա», «Կենտրոն», «Ա-ԹիՎի», «Շանթ» հեռուստաընկերությունները, թե որն է անարդացիորեն զբաղեցնում Հ2-ի տեղը հարցին՝ ղեկավավար կազմը հստակ պատասխան չտվեց: Ըստ նրանց՝ հանձնաժողովի սխալն այն էր, որ որոշումը պատշաճ կերպով պատճառաբանված և հիմնավորված չէ:
Դավիթ Մուրադյանը հնչող դիտարկմանը հակադարձում է՝ դատարանում էլ են պատասխանել՝ որոշման մեջ հիմնավորումը կա:
Հ2-ից, որպես նախադեպ, «Ա1+»-ի գործով ՄԻԵԴ-ի օրինակն են նաև բերում: ՀՌՀ-ից նշում են՝ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումն այս գործի հետ ընդհանրություն չունի:
Լևոն Սուլթանյան - Կա ՄԻԵԴ-ի նախադեպ՝ «Ա1+»-ի գործով: Այսինքն՝ բառացի գրված է, որ ՀՌՀ-ն պատշաճ կերպով պետք է հիմնավորի իր որոշումները, ոչ թե ուղղակի բալերը գրի, որ դու գնաս պատրաստվես:
Դավիթ Մարգարյան - Այնտեղ խոսքը գնում էր եթեր չունենալուն, «Ա1+»-ը հարթակ չէր ունենալու, տվյալ դեպքում՝ դա կիրառելի չէ, քանի որ իրենց հարթակները բազմաթիվ են: Տվյալ դեպքում՝ կաբելային ցանցն իրենց հեռուստատեսության ծրագրերը ցույց տալու հնարավորություն է տալիս ամբողջ հանրապետությունում:
Հ2-ի ղեկավար կազմը շարունակում է նշել, որ իրենց եթերազրկել են, եթերազրկվելն ու մրցույթում պարտվելը համարժեք եզրույթներ են համարում: Հարցին՝ արդյոք եթերազրկված հեռուստածրագիրը հնարավորություն ունենու՞մ է հեռարձակել իր հաղորդումները Հայաստանի բոլոր կաբելային ցանցերով՝ նշում են՝ կաբելայինն ու ինտերնետային հարթակները նոր տոխնոլոգիաների արդյունքն են միայն:
Անդրադառնալով տեսանյութում Տիգրան Հակոբյանի դիտարկմանը, որ ՀՌՀ 2 անդամի քվեարկությունը քաղաքական հիմքեր կարող է ունենալ՝ մեջբերելով Հ2-ի փոխտնօրենի ամիսներ առաջ հնչեցրած խոսքը, վերջինս նշում է՝ իր խոսքն այլ համատեքստում է հնչել, ձևափոխվել է:
Նաև հակադարձում են՝ եթե նախկինում լիցենզավորման խոստումներ չեն կատարել, ապա ինչո՞ւ որևէ վարչական տույժի չեն ենթարկվել: ՀՌՀ-ից պատասխանում են՝ խոստումները և ապագայի ծրագրերը, որոնք դառնում էին լիցենզիայի պայման, չկատարելու դեպքում վարչական պատասխանատվություն չէր պարտադրում օրենքը:
Օրենքը նման կարգավորում չուներ, իսկ ներկա օրենքն ունի՝ հստակ պատասխանատվության միջոցներ է ենթադրում: