Հայաստանում պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման համար լիցենզիոն տուրք է սահմանվել՝ այս պահին մետաղական շուկայում գործող գների մոտ 15 %-ի չափով: Կառավարությունը վստահեցնում է՝ այս օրենքն արձագանք է համաշխարհային շուկայում պղնձի գների բարձրացմանը:
Նարեկ Տերյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - 2020 թ. պղնձի միջազգային միջին գները եղել են մոտ 6000-6200 դոլար՝ տոննայի համար, 2021 թ. աճել է 9000-9200 դոլար: Այսօրվա գինը 9400 դոլար է: Հանքարդյունաբերողները տարվա սկզբից ստանում են գերշահույթ, սա կօգնի արդար բաշխել գերշահույթի գումարները:
ՀՀ-ում ընդերքը պատկանում է պետությանը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին՝ հիշեցրեց փոխարարը՝ նկատելով, որ այս պարագայում ընդերքօգտագործումից ստացած գերշահույթը պետք է հավասար բաշխվի:
Նարեկ Տերյան - Այսօրվա պարագայում մեր ռոյալթի համակարգը թույլ չի տալիս արդար բաշխել, դրա համար ոչ միայն տուրքն ավելացնում ենք, այլև վերանայում են ռոյալթի համակարգը, որը թույլ կտա մեզ ավելի արդար բաշխել այդ գումարները՝ միջազգային գնի աճելուց և իջնելուց:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ ողջունում է օրենքի ընդունումը, ավելին՝ ուշացած է համարում, քանի որ, ըստ նրա, մինչև այս պղնձի և մոլիբդենի խտանյութ արտահանողները գերշահույթով են աշխատել:
Վահագն Խաչատրյան, տնտեսագետ - Աշխարհում ընդունված ձև է, որ հանքարդյունաբերության հետ կապված բիզնեսում պետությունները սահմանային գներ են սահմանում, և այդ սահմանային գներից բարձր, եթե համաշխարհային շուկայում փոփոխություններ են լինում, ապա գանձվում է պետական բյուջե: ՌԴ-ում, օրինակ, սահմանված է նավթի գինը՝ 45 դոլար: Եթե ավելանում է նավթի գինը, ապա դա պետության գումարն է:
Իսկ տնտեսագետ Արմեն Քթոյանը Կառավարության այս որոշման հիմնական նպատակը պետբյուջե լրացուցիչ եկամուտներ գեներացնելն է համարում: Նա ընդգծում է՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները տարբեր եկամուտներ են ստանում՝ կան գերհզորներ, բայց որոշները վնասով են աշխատում, հավելյալ հարկային բեռը նոր խնդիրներ կարող է ստեղծել ոլորտի փոքրերի համար: Կառավարության պարզաբանումը, թե հարկային բեռի ավելացման նպատակը հանքարդյունաբերողների գերշահույթի մի մասը պետբյուջե բերելն է, չի գոհացնում Արմեն Քթոյանին:
Արմեն Քթոյան, տնտեսագետ - Կա շրջանառության հարկման մեխանիզմ, կա բուն շահույթի հարկման մեխանիզմ, մեզ մոտ ընտրել են շրջանառության հարկման մեխանիզմ, և հիմնական քննադատությունը հենց դրան է միտված: Եթե նշում ենք, որ կա գերշահույթ, ապա պետք է ֆիքսենք, հայտնաբերենք, արձանագրենք, և դրա նկատմամբ հավելյալ ինչ որ դրույքաչափ կիրառենք:
Վահագն Խաչտրյանն այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման համար լիցենզիոն տուրք սահմանելու նախագծում նշվում է, որ ստեղծվելու է սուվերեն հարստության ֆոնդ, որտեղ կկուտակվեն այն գումարները, որոնք գեներացվել են գների տատանումներից և կօգտագործվեն նպատակային ներդրումային ծրագրի համար, ինչն աշխարհում ընդունված ձև է:
Վահագն Խաչատրյան - Արտահանման տուրք է կոչվում սա: Եթե արտահանում եք, այդ ժամանակ եք վճարում: Եթե տեղում ավելի երկար շղթայով եք վերամշակում, այդ դեպքում հարկ տալու կարքի չի լինի:
Խաչատրյանի գնահատմամբ՝ այս օրենքը կնպաստի, որ Հայաստանում պղնձաձուլարան հիմնվի, իսկ Կառավարությունը տեղեկացնում է՝ երկրում պղնձաձուլարան հիմնելու քննարկումները շարունակվում են:
Համաշխարհային շուկայում պղնձի միջազգային գները 2021 թվականին անհամեմատ բարձր են՝ նախորդ տարվա համեմատ: 2020 թվականի ընթացքում պղնձի մեկ տոննայի գինը չի հատել 6600 դոլարի շեմը, հիմա այն 9400 է, ավելին՝ բարձացման միտումը շարունակվում է: Որոշ կանխատեսումների համաձայն՝ մեկ տոննա պղնձի գինը 2025 թվականին կարող է հասնել մինչև 15 հազար դոլարի: