Կորոնավիրուսը բրուտ Վահագնի ձեռքին կավե շնչառություն է ստացել ու հիմա ամենատարբեր նշանակություն ունեցող կավե իրերի շարքում առաջատար դիրքում է: Մշակույթը չի կարող չկրել ժամանակի շունչը և իր ասելիքը չունենալ՝ ասում է կավագործը: COVID-19-ն ազդակ է մարդկությանը՝ ինքնամաքրվելու, վերարժևորելու կյանքն ու բնությունը:
Վահագն Համբարձումյանի խոսքով` զգոնության կոչի նման այն պետք է կախված լինի մեր աչքի առաջ, մենք միշտ պիտի տեսնենք ու պիտի հասկանանք, թե ինչ էր նշանակում, ինչ էր ասում: Սա մի բացասական երևույթ է, որը մենք պետք է հիշենք ու դաս քաղենք: Ցանկացած բացասական երևույթից ոչ թե պետք է նեղվել, այլ նաև սովորել:
Իրավիճակից դասեր է քաղում նաև իրենց ընտանեկան բիզնեսը: Դուրգի վրա պտտվող և աստիճանաբար կուժի վերածվող կավը նոր մտքեր ու գաղափարներ է ծնում: Հիմա ինքնակրթվելու, ինքնակատարելագործվելու շրջան է: Օնլայն դասընթացների մասնակցելուց բացի նախաքրիստոնեական շրջանի հայ զարդարվեստն ուսումնասիրելու ժամանակ էլ կա: Դրա արտացոլանքը կկրի նաև այս կուժը՝ կյանքի և հավերժության խորհրդանիշերով...
Կավագործի ամենակարևոր նպատակն է, որ մեր հին զարդարվեստը, տեխնիկան, տեխնոլոգիաները կարողանանք ի ցույց դնենք բոլորին` թեկուզ աննշան չափով աշխարհին ծանոթացնելով մեր հին արվեստին:
Կավագործության հնագույն ավանդույթները բրուտ Վահագնը բացահայտում ու ներկայացնում է արդեն 21 տարի: «Սիսիան-կերամիքս» ընկերությունը հիմնել է կնոջ՝ նկարչուհի Զառայի հետ: Ջանացել էին, որ հուշանվերներ գնելուց ու վարպետաց դասերին մասնակցելուց բացի զբոսաշրջիկը զգա նաև կավե ամաններում պատրաստվող սիսիանյան ավանդական ուտեստների համն ու հոտը:
Նկարչուհի Զառա Գասպարյանը նշում է, որ կավե վառարաններում շատ համաչափ լավ եփվում է ու շատ համեղ է լինում: Փորձաշրջան ունեցել են, կարողացել են հյուրեր ընդունել:
Հասցրել էին արվեստանոցին կից հյուրասիրությունների սրահ կառուցել: Միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի վարկավորմամբ նորոգել էին արվեստանոցը, ցուցադրությունների սրահը: Բայց սպասված զբոսաշրջային սեզոնն այդպես էլ չեկավ. ստիպված էին մարտից ժամանակավորապես դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը:
Վահագն Համբարձումյանը լավատես է, նա նշում է, որ այս տարի պիտի լիներ «պտուղը քաղելու» տարի, բայց կարող է ծառը ցուրտը տանել, նմանատիպ վիճակ է նաև իրենց համար, բայց, միևնույն է, հաջորդ տարի ծառը կրկին բերք կտա: Նա հույս է հայտնում, որ համավարակը մինչև հաջորդ տարի, մինչև զբոսաշրջային ժամանակահատվածը նահանջած կլինի: