The New York Times-ի խմբագիրները բացատրություն են տվել թերթի հոդվածագիր Բրեթ Սթիվենսի «Հրեական հանճարի գաղտնիքները» վերնագրով հոդվածի առիթով, որտեղ հղում անելով 2005 թ. արված մի ուսումնասիրության՝ «հոդվածագիրը նպաստել է ռասիստական հայացքների խթանմանը»:
Սթիվենսն իր հոդվածում գրել էր, որ հրեաների մեծամասնությունը «խելացի են կամ հակված են դրան», և այս որակը նրանց «որոշակի առավելություններ է տալիս այլ ազգությունների հասակակիցների համեմատ»: Բայց այդ նկատառումը, թե հրեաների IQ-ն բարձր է եվրոպական և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների մտավոր ունակություններից, հասարակական մեծ վրդովմունք էին հարուցել:
Southern Poverty Law Center իրավապաշտպան կազմակերպությունն, օրինակ, որն ԱՄՆ-ում վերահսկում է ատելության և ծայրահեղականության դրսևորումները, հոդվածում արտահայտված մտքերը «հնագույն հակահրեական կարծրատիպերի քարոզչություն» է դիտարկել և կտրուկ քննադատել վերոնշյալ տեսության հեղինակ Հենրի Հարփենդինգին՝ արդեն մահացած մարդաբանին անվանելով «սպիտակ ազգայնական»:
Սոցիալական ցանցերը նույնպես փոթորկվել են՝ հեղինակին քննադատելով ու նրան մեղադրելով կեղծ գիտությանը փարվելում, որով խտրականություն է դրվում ռասաների, նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունների միջև:
«...հրեաները սովորական մարդիկ են. ոմանք խելացի են, ոմանք՝ հիմար...մի՛ վստահեք հրեաներին առանձնահատուկ համարողներին. սա հակասեմականության հիմքն է»,- այս կարգի գրառումներ (իսկ այն պատկանում է Moshik Temkin անունով օգտատիրոջը), շատ-շատ են Twitter-ում:
The New York Times-ի մեկնաբանության մեջ, սակայն, բացատրվել է, որ հոդվածագիրը պարզապես սխալ է վարվել՝ քննության առարկա հետազոտության եզրակացություններն առանց համապատասխան քննադատության ներկայացնելով:
«Արդյունքում շատ ընթերցողներ տպավորություն են ստացել, որ Սթիվենսը պնդում է, թե հրեաները գենետիկորեն գերազանցում են այլ ազգերին, ինչը նրա նպատակը չի՛ եղել: Նա վստահ է և շարունակում է պնդել, որ մշակույթն ու պատմությունը որոշիչ գործոններ են հրեական նվաճումների համար»,- ասվում է խմբագրական մեկնաբանության մեջ: