Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների նախագիծը, որը հիմնված է արդեն իսկ տևական ժամանակ նոր չափոփոշչով մեր դպրոցների աշխատանքի և այդ աշխատանքների վերլուծության և, ըստ այդմ՝ նաև այս փուլում անհրաժշտ լավարկումների անհրաժեշտության վրա:
«Ներկայացվող նախագիծը հնարավորություն է տալու, որ Կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը, որը հանրակրթության որակի բարձրացումն է, լինի ավելի նպատակային և ավելի մեծ արդյունքներ գրանցի: Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետև, բնականաբար, հանրակրթության ոլորտում մեր աշխատանքները մեծածավալ են, դրանք ընդգրկում են, իհարկե, անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը դպրոցաշինության և նոր գույքով ու լաբորատորիաներով հագեցման ծրագրերի շրջանակներում, ինչը խիստ կարևոր է: Դրանք ընդգրկում են նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման, նաև աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված մեծածավալ գործընթաց, որն առաջ է բերում նաև անհրաժեշտ մարդկային ռեսուրսի ներգրավման և այդ մարդկային զարգացման բաղադրիչը: Միևնույն ժամանակ մեր ուշադրությունը սևեռված է նաև հանրակրթության բովանդակության վրա: Հանրակրթության չափորոշիչն իր մեջ ամփոփում է հենց բովանդակության հետ կապված հիմնական մոտեցումներն ու աշխատանքները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ նախագիծը թույլ է տալու, որ բարձրացվի ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցվի բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ձևավորվի սովորողների անհատական զարգացման և մասնագիտական կողմնորոշման ավելի լայն հնարավորություններ հատկապես ավագ դասարաններում, ինչպես նաև կրթության բովանդակությունը համապատասխանեցվի ժամանակակից կրթական և անվտանգային պահանջներին:
Նրա խոսքով՝ երբ խոսվում է հանրակրթության չափորոշչի մասին, պետք է հասկանալ, որ այդ բովանդակային փոփոխությունը էական ֆինանսական ներդրում է պետության կողմից:
«Նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղեկցվել է հանրակրթության ֆինանսական ծավալների էական աճով: Մենք 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին, որով այս չափորոշչի բովանդակությունը ֆինանսավորվում է, հատկացրել ենք ավելի քան 128.8 մլրդ դրամ, այս տարի ավելին է: Սա 56.9 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին»,- ասել է նախարարը: