Հունաստանի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Թեոդոսիոսը, աշխարհիկ անունը՝ Աթալա Խան, հայտարարել է, թե իսրայելցիները փորձել են թունավորել իրեն: Այս մասին ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը հայտարարել է Հորդանանի մայրաքաղաք Ամանի հիվանդանոցներից մեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որ հոգևորականը վարել է հիվանդանոցային մահճակալում պառկած:
Maan գործակալության փոխանցմամբ՝ արքեպիսկոպոսն ընդգծել է, որ քրիստոնյաները կարևոր դեր են կազմում ինչպես պաղեստինցիների, այնպես էլ Հորդանանի ժողովրդի համար:
«Մենք մեկ ընտանիք ենք, ոչ թե փոքրամասնություն»,- ասել է հոգևորականը, միաժամանակ փոխանցելով բժիշկների պնդումն այն մասին, որ 3 օրվա ընթացքում օրգանիզմը կմաքրվի թունավոր նյութերից:
«Մի խումբ պաղեստինցի քննիչներ պարզում են, թե ինչ է ինձ հետ կատարվել, հավաքում են ապացույցներ: Քանի դեռ դրանք չկան, չենք կարող լիովին վստահ լինել, որ Իսրայելն է դրա հեղինակը, բայց ամեն ինչ դա է մատնանշում»,- հայտարարել է հոգևորականը՝ հավելելով, որ մարդասպանները չեն ցանկացել սպանել իրեն, բայց կամեցել են առողջությանը վնաս հասցնել և վախեցնել:
Արքեպիսկոպոս Թեոդոսիոսը (Աթալա Խանն ազգությամբ արաբ է, որ ընդունել է քրիստոնեություն և Թեոդոսիոս եկեղացական անվամբ հասել մինչև արքեպիսկոպոսի աստիճանի), հայտնի է իր հետևողական հակաիսրայելական դիրքորոշմամբ: Նա այն փոքրաթիվ հոգևորականներից է, որ պնդում է, թե հրեաները կատարյալ ջարդ են կազմակերպում Պաղեստինում և վերջերս էլ ՄԱԿ-ին դիմելով՝ հայտարարել էր, թե «Իսրայելի հանդեպ միջազգային պատժամիջոցներն ու Պաղեստինի պետության ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ տալու զավթիչների կողմից սանձազերծված պաղեստինյան ջարդերին»: