ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Քուն Չենի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
Շնորհավորելով Քուն Չենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում և շնորհակալություն հայտնել հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության ոլորտում ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ՝ ի նպաստ կրթության որակի, ներառականության և նորարարության։
Ներկայացնելով Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտին՝ նշելով, որ փոփոխությունները միտված են բարձրագույն կրթության և գիտության առավել սերտ ինտեգրմանը, համալսարաններում գիտահետազոտական գործունեության զարգացմանը և ոլորտների միջև կայուն համագործակցության ձևավորմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը կրթության և գիտության մրցունակության բարձրացման տեսանկյունից։
Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևը․ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ հաստատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԲՏՃՄ կրթության զարգացման և այդ ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները, մասնավորապես՝ ԲՏՃՄ ոլորտներում կանանց մասնակցության բարձր ցուցանիշները՝ ընդգծելով, որ ՀՀ փորձը կարող է հետաքրքիր լինել նաև միջազգային գործընկերների համար։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանի համագործակցությունը OpenAI ընկերության հետ՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում արդեն գործում են ԱԲ երկու գործարաններ, իսկ երրորդը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ Նա նաև նշել է, որ Երևանի պետական համալսարանում նախատեսվում է զարգացնել ԱԲ ոլորտի գիտական հետազոտություններ՝ նպաստելով նորարարությունների և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ էթիկայի կանոնների կիրառման վերաբերյալ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական մոտեցումը արհեստական բանականության զարգացման և կիրառման ընթացքում էթիկական սկզբունքների պահպանման հարցում՝ նշելով, որ այդ ուղղությամբ կազմակերպությունը ևս իրականացնում է լայնածավալ հետազոտություններ և ծրագրեր։
Նշվել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք նախաձեռնությունների և հետազոտությունների շրջանակում Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրության մի շարք այլ հարցերի։